ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասերից մեկի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանն իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի՛ հայրենակիցներ, Պաշտպանության Բանակի շարքերում 27 տարի ծառայելուց հետո որոշում եմ կայացրել անցնել քաղաքացիական կյանքի և իմ ներդրումն ունենալ երկրիս զարգացման գործում, իմ գիտելիքներն ու եռանդը նվիրել այդ մեծ գործին:
Տարիների ընթացքում ձեռք բերած փորձս մտադիր եմ ներդնել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման ու բարգավաճման գործում և կառավարման ոլորտում:
Այսպիսով` սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրել եմ իմ թեկնածությունը Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար: Ինձ համար բարձրագույն արժեքներ են մարդը, արժանապատվությունն ու իրավունքը, ուստի, իմ նախընտրական ծրագրի հիմքում արդարության գաղափարն է:
Ստեփանակերտը բոլորիս երազանքների տունն է, իսկ երազանքներն իրականություն դարձնելու գործում անելիք ունի մեզնից յուրաքանչյուրը:
Սիրելի՛ ստեփանակերտցիներ, ակնկալում եմ ձեր աջակցությունը:
ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին մաղթում եմ առողջ ու գաղափարական մրցակցություն: Հաջողություն մեզ բոլորիս»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը