Armdaily.am-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում արշալույսները խաղաղ չեն։ Երկու օր է՝ լրատվամիջոցները գրում են, որ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված կրճատումներ են խորհրդարանում։
Երեկ հայտնի դարձավ, որ աշխատակազմի ղեկավարների ու աշխատակիցների միջև խոսակցություններն այնքան են լարվել, որ հեռահաղորդակցման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանին սրտի սուր ծակոցներով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ սրտի ստենտավորում են իրականացրել։
Խնդիրն ինչպես կադրային կրճատումներն են, այնպես էլ օրակարգում պետծառայողների քանակի կրճատումը։
ԱԺ-ում կատարվող իրադարձությունների մասին ArmDaily.am-ը զրուցել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանի հետ։
Մինասյանն ասում է՝ աշխատակազմում նախկինում ունեցել են 654 աշխատակից, որից հայեցողական պաշտոն զբաղեցրել են 164-ը, 232-ը պետական ծառայողներ են, քաղաքացիական աշխատանք կատարող՝ 41, բյուջետային գրասենյակի 5 աշխատող, վարչական պաշտոն զբաղեցնող 4, տեխնիկական սպասարկում իրականացնող՝ 208։ Վերջինիս կազմում են նաև մաքրուհիները։ Հաստիքացուցակը 650 է, կրճատվել է 54-ով։ Այն աշխատակիցները, որոնց առաջարկվել է իրենց, կամ այլ՝ բարձր պաշտոնի հաստիքի համար մրցույթների դիմել, տեղափոխվել են ռեզերվ։
Հարցին, թե ինչպես սկզբունքով են առաջնորդվել կրճատելիս, Մինասյանը պատասխանեց.
«Ընտրությունը կատարվել է այս 6 ամիսների աշխատանքը, գործառույթների հետագիծը մանրամասն ուսումնասիրելով, մասնագիտական կարողությունները հաշվի առնելով»։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կրճատված անձինք շարունակում են գնալ աշխատանքի, Լիլիթ Մինասյանն ասաց.
«Այն մարդիկ, ովքեր կրճատվել են, իրենց ասվել է, որ իրենց հաստիքը կրճատվում է և այդ գործառույթը ԱԺ-ն այլևս չի իրականացնում, նրանք չեն գալիս։ Բայց այն մարդիկ, ովքեր գնացել են ռեզերվ և գալու են մրցույթի մասնակցելու, իրենց հայեցողությամբ ընտրում են՝ գալ թե ոչ»։
Խոսելով ԱԺ-ի նստաշրջանից առաջ կատարվող կրճատումների՝ բնականոն աշխատանքը խափանելու մասին, Մինասյանն ասաց.
«Կրճատումները մեծաքանակ չեն։ Գործառույթների ավտոմատիզացում ենք արել, և այն աշխատանքը որ կարող է իրականացնել 4 հոգի ձեռքով, եթե համակարգն է անում, անում է մեկ հոգի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը