Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պոպուլիստը բարդ խնդիրներին հեշտ լուծում առաջարկող ու ծափեր գողացող է։ Մեր պաշտպանյալի պես։
Պոպուլիստի բուն նպատակը իշխանությունն է և փողը, բայց այդ ամենը նա փաթեթավորում է զանգվածներին սոցիալական դրախտի խոստումներով։
Որքան շատ է խոսում պոպուլիստը կոռուպցիայի դեմ պայքարելու մասին ու որքան շատ է նա ցուցադրում իր, իբր, ասկետիկ կյանքը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա ունի բարձր կոռուպցիոն ախորժակ (բուն ախորժակն էլ կարող է տեղը լինել) ու թալանչիական հակվածություն։
Պոպուլիզմը ստախոսության քույրն է։ Առանց ստի չկա պոպուլիզմ։
Պոպուլիզմի մյուս քույրն անգրագիտությունն է։ Ճառելու տաղանդի չափը նրա մոտ հակադարձ համեմատական է բովանդակային որոշումներ կայացնելու կարողությանը։
Պոպուլիստը շատ դեպքերում անկեղծորեն համոզված է, որ ունի բարդ խնդիրների հեշտ լուծման սեփական բանաձևերը։ Միայն մարտնչող տգիտության մոտ է նման համոզվածություն լինում։ Այդ հետո է պոպուլիստի մոտ սկսվում իրականության հետ ծանր առերեսումը, ինչին էլ հաջորդում են ֆրուստրացիաները։ Դեղերը տվյալ դեպքում չեն օգնում։
Պոպուլիստները ծնվում են հիվանդ միջավայրերում։
Սոցիալ–տնտեսական վատ պայմանները և բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը պոպուլիզմի ծննդի համար պարարտ հող են ստեղծում։
Պոպուլիստը նման է արտաթորանքի վրա եկող ճանճի կամ չհավաքվող զիբիլը փորփրող առնետի։ Մաքուր միջավայրում դրանք չեն լինում։
Պոպուլիստը նաև նման է թեթևաբարո կնոջ, որը փորձում է դուր գալ բոլոր պատահողներին. կարևորը դիմացինին «կպցնելն» է և «քվե» պոկելը։
Պոպուլիստը կայուն սկզբունքներ ու գաղափարներ չունի։ Նա օրվա, իսկ երբեմն նաև րոպեի կուրսով է ապրում։ Կախված լսարանից՝ նա կարող է աթեիստից մինչև խոր աստվածավախ, լիբերալից մինչև կոմունիստ, տրոցկիստից մինչև ստալինիստ, մարքսիստից մինչև վեբերիստ, ազգայնականից մինչև կոսմոպոլիտ խաղալ։
Որքան շատ է պոպուլիստը խոսում օրենքից, արդարությունից ու ժողովրդավարությունից, այնքան շատ են նրա մոտ ապօրինություններ գործելու և ավտորիտար ռեժիմ հաստատելու հակումները։
Պոպուլիստի գլխավոր հատկանիշն այն է, որ նա վատ է ավարտում իր քաղաքական կարիերան (մինչև այդ հասցնելով ահագին ավերածություններ գործել), քանզի կարելի է կարճ ժամանակահատվածում խաբել մի ամբողջ ժողովրդի, կարելի է անընդհատ խաբել ժողովրդի մի փոքր հատվածի, սակայն ամբողջ ժողովրդին հնարավոր չէ երկար ժամանակահատվածում խաբել։
Ստի ոտքերը կարճ են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը