12 08 2019

BBC-ի թղթակիցը սլաքներն ուղղում է դեպի ՀՔԾ-ն․ 168.am

BBC-ի թղթակիցը սլաքներն ուղղում է դեպի ՀՔԾ-ն․ 168.am

168.am-ը գրում է․ «Մինչ իշխանություններն Ազգային ժողովի փոխխոսնակի  մակարդակով ակտիվորեն տարածում էին օգոստոսի 7-ին հրապարակված BBC բրիտանական լրատվական գործակալության ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանի` մարտի 1-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ հոդվածը, որում ասվում էր, որ ցուցարարների ուղղությամբ կրակ է արձակել Արցախից բերված և Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում տեղակայված ուժայինների 20 հոգանոց ջոկատը, որը ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի), ինքը` Գրիգոր Աթանեսյանը, BBC-ի ռուսական ծառայության «Юрий будет Дудь» հաղորդման շրջանակներում հերքում է այդ պնդումները` սլաքներն ուղղելով դեպի Հատուկ քննչական ծառայությունը և ըստ էության շեշտելով, որ իր հոդվածի հիմքում ընկած են սոսկ ՀՔԾ-ի պնդումները:

Ներկայացնենք հաղորդման այդ հատվածը: Տեսանյութում` 16:06-19:27 րոպեն:

 

 

 

Հաղորդավար.- Գրիգոր, դու տեսել ես հետաքննության նյութերը: Կարո՞ղ ենք մենք արդյոք պատասխանել այն հարցին, թե ո՞վ է կրակել ցուցարարների վրա:

Գ.Ա.- Մենք չգիտենք, թե ով է կրակել ցուցարարների վրա: Մենք իմացանք, որ ՀՔԾ-ն վարկած ունի: Նրանք ինչ-որ պահի տվյալներ են ստացել, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը Լեռնային Ղարաբաղից, ով ավելի շատ հայտնի է Օգանովսկի մականվամբ, կարող էր այդ իրադարձություններում ինչ-որ դեր ունենալ: ՀՔԾ տվյալներով, որոնք նրանք քննարկել են Օգանովսկու հարցաքննության ժամանակ, նա եղել է նախագահական նստավայրի նկուղում տեղակայված 20 հոգանոց ջոկատի հրամանատար, և այդ ջոկատին, կրկին հետաքննության տվյալներով, այցելել են նախկին նախագահներ Քոչարյանն ու Սարգսյանը:

Հաղորդավար.- Իսկ ի՞նչ գիտենք մենք այդ գեներալի մասին: Ո՞վ է, ո՞ւմ է ենթարկվել:

Գ.Ա.- Այդ պահին գեներալը Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի տեղակալն էր, և նա գտնվում է հայկական ուժայինների հիերարխիայի բարձունքում:

Հաղորդավար.- Այսինքն` այդ հետաքննության եզրակացություններն անուղղակիորեն մատնանշում են հայկական երկու նախկին նախագահներին` Սարգսյանին ու Քոչարյանին: Ինչ-որ կերպ այդ քննության արդյունքները կարո՞ղ են ազդել նրանց վրա:

Գ.Ա.- Դա շատ բարդ հարց է, քանի որ հարցաքննությունն անց է կացվել մեկ տարի առաջ: Այն տևել է 4 ժամ: Առաջ են քաշվել բոլոր այդ լուրջ մեղադրանքները, ավելի ճիշտ` ոչ թե մեղադրանքները, այլ տվյալները: Դրանք քննարկվել են, բայց գեներալ Օգանովսկի մնացել ե վկայի կարգավիճակում: Դրա համար ես չգիտեմ` հաստատվե՞լ են արդյոք այդ տվյալները, թե՞ ոչ: Մենք պարզապես գիտենք, որ քննությունը տիրապետել է այդպիսի տվյալների: Բնականաբար, եթե այդ տվյալները հաստատվեն, ապա երկու նախագահների վրա էլ դա կազդի:

Հաղորդավար.- Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում այդ հետաքննության արձագանքներին, ի՞նչ են այնտեղ ասում:

Գ.Ա.- Բավականին շատ մամլո ասուլիսներ են արդեն տեղի ունեցել: Այս թեմայով հանդես են եկել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, փոխվարչապետը, և իրականում տարբեր արձագանքներ կան: Ինչ-որ չափով դավադրության տեսություններ կան, որոնք տարածվում են, ինչը ցույց է տալիս հասարակության` բավականին անառողջ լինելը, նրա վարակվածությունն այդ տեսություններով, բայց կան նաև կոչեր` հասկանալ` ինչ է տեղի ունեցել: Եթե ՀՔԾ-ն այդպես է համարել, եթե այն տվյալներ է ստացել, և այսօր այդ մասին պատգամավորներից մեկն էլ ասաց, ուրեմն ՀՔԾ-ն պետք է մեկնաբանի, թե արդյո՞ք այժմ էլ է այդպես համարում, և, թե ինչպիսի հետևանքներ են լինելու:

Իսկ Մինչ BBC-ի թղթակիցը սլաքներն ուղղում է դեպի ՀՔԾ-ն, Վիքիպեդիայում «խմբագրվում» է գեներալ Օգանովսկու կենսագրությունը:

Այսպես, հայերեն տարբերակը վերջին անգամ խմբագրվել է օգոստոսի 9-ին` առավոտյան` 08:34-ին, և ահա այդ խմբագրումից հետո կարդում ենք.

«Մարտի 1-ի դեպքեր

Համաձայն 2008 թվականի Մարտի 1–ի դեպքերի հետաքննության՝ Սամվել Կարապետյանը ղեկավարել է ցուցարարների նկատմամբ զենքի կիրառումը։ Մասնավորապես, համաձայն հետաքննության՝ ցուցարարների նկատմամբ կրակոցներ արձակել են Արցախից բերված ուժային ստորաբաժանումները, որոնց հրամանատարն է եղել գեներալ Կարապետյանը։ Կարապետյանի ենթակա ստորաբաժանումը տեղակայված է եղել նախագահական նստավայրի նկուղում, և Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը այցելել են ստորաբաժանում»:

Այս հատվածի բովանդակությունը նույնն է, ինչ բրիտանական լրատվամիջոցում հրապարակվածը, ներկայացված է՝ որպես փաստ, որը հաստատապես եղել է, այնինչ, նկատենք, նախաքննական նյութերում նման բան չկա, ավելին, գործի դատաքննությունը դեռ չի սկսվել, և որևէ հաստատված փաստ չկա:

Գրեթե նույն պատկերն է նաև ռուսերեն տարբերակում, որը խմբագրվել է օգոստոսի 10-ին` ժամը 12:31-ին: Այստեղ փոքր-ինչ կոռեկտ է ձևակերպումը. «Согласно версии следствия, во время событий 1 марта генерал-майор Самвел Карапетян командовал карабахскими силовиками, которые расстреливали демонстрантов[]. Сам Карапетян это отрицает.»:

Բնականաբար, կլինեն հակադարձումներ այն առումով, թե Վիքիպեդիան բաց հանրագիտարան է, և յուրաքանչյուրը կարող է այնտեղ կատարել իր խմբագրումներ: Դա այդպես է, անշուշտ, սակայն կարծում ենք, քչերն են հավատում, որ ինչ-որ մեկը, ի դեպ, ֆեյք օգտատեր, ինքնաբուխ կերպով այդպես ջանադրաբար կարող է խմբագրել գեներալի կենսագրությունը:

«Վիքիմեդիա Հայաստան» հ/կ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նաև լրագրողները կարող են հոդվածի քննարկման էջում գրել, փոփոխություններ կատարել, եթե հղումներ ունեն։ Կազմակերպությունը բովանդակությունը չի վերահսկում։

Մնում է հասկանալ, թե ում քաղաքական հրահանգով է դա արվել Վիքիպեդիայում, և ովքեր են վարչապետի ասած դավադիր ուժերը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ