Վահան Իշխանյանը «ինքնագրում» գրել է.
BBC-ի ռուսական ծառայությունը «Ով գնդակահարեց ցուցարաներին Երևանում 2008֊ի՞ն. հետաքննությունը ցույց է տալիս Ղարաբաղի ջոկատին» վերնագրով նյութ է հրապարակել, թե իբր ՀՔԾ-ն գտնում է, որ 2008-ի մարտի 1-ին «ցուցարաներին գնդակահարել են» Արցախից եկած ուժայինները Արցախի պաշտպանության բանակի փոխհրամանատար գեներալ մայոր Սամվել Կարապետյանի(Օգանովսկի) գլխավորությամբ։
Երեք անգամ այս պնդումը արվում է նյութում, որը, ըստ BBC-ի հիմնված է նախաքննական մարմնից (ՀՔԾ) արտահոսած փաստաթղթերի վրա։
Գեներալ Կարապետյանը ի պատասխան ասել է news.am-ին. «Այն իրականության հետ որևէ աղերս չունի։ Կարծում եմ՝ սա պատվեր է մեր հարևանների կողմից»։
Այն, որ 2008-ի մարտի 1-ին ցուցարաների գրոհը դիմադրել են միայն ոստիկանության ստորաբաժանումները, երևում է նաև այն հանգամանքով, որ բախումների ժամանակ ոստիկանության ծառայողներից 2-ը սպանվել են և 220-ը վիրավորվել, իսկ որևէ վիրավոր կամ սպանված զինվորական չկա։
Սակայն եթե նույնիսկ թեկուզ չհիմնավորված վարկած էր առաջ քաշվելու, թե Արցախից եկած զինվորներն են գնդակահարել 10 հոգուն, ապա լրագրողական բարեխղճությունը առնվազն պահանջում էր մարտի 1-ի 10 զոհերի սպանության հանգամանքները պատմել, որից կերևար, որ սպանվածներից երկուսը ոստիկան են եղել, որոնցից մեկը զոհվել է ցուցարների կողմից նետված նռնակից, մյուսը ցուցարների կողմից արձակված կրակոցից, որ ցուցարարներից երեքը սպանվել են ցույց ցրող ոստիկանական հատուկ միջոց չերեմուխայից։ Իսկ մյուս զոհերն էլ սպանվել են տարբեր տեսակի զենքերից՝ ավտոմատ, ատրճանակ, դիպուկահար հրացան։
Այսուհանդերձ, BBC-ին «մոռանալով» թե ում էր մեղադրում 10 հոգու սպանության մեջ, խոսում է նաև այն մասին որ մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով կալանվարովել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը։ Զաքար Հովհաննիսյանի քրոջ՝ Մարիամ Հովհաննիսյանի խոսքն է մեջբերում թե՝ «նոր իշխանությունը մի տարում ողբերգության բացահայտման համար արդեն արել է ավելին քան նախկինները 10 տարիների ընթացքում։
Սակայն BBC-ին այնքան բարեխղճություն չի ունեցել, որ իր օգոստոսի 7-ի նյութում չի հաղորդում, որ օգոստոսի 4-ին կալանքից ազատվել է Գեղամ Պետրոսյանը։ Ըստ մամուլի հաղորդագրությունների ձգաբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ Գեղամ Պետրոսյանի ատրճանակից չի սպանվել Զաքար Հովհաննիսյանը։
Երբ խոսքը վերաբերում է Մեծ Բիրտանիայի արտաքին քաղաքականությանը, բարեխղճության դասեր տվող BBC-ին կեղծ լուրերի գրոհ է սկսում։
Թե ինչպես է BBC֊ին կեղծում իրականությունը, կարող եք իմանալ հետաքննող լրագրող Ջոն Պիլջերի(John Pilger) ֆիլմերից և հոդվածներից (օրինակ նայեք «Պատերազմ որ դուք չեք տեսել»( The War You Don’t See) ֆիլմը, ուր նաև BBC-ի նախկին թղթակիցն է խոսում, թե ինչպես էին «լուրերով» մանիպուլիացնում հասարակությունը)։
BBC-ի այս վերջին թողարկումն էլ արտահայտում է Մեծ Բրիտանիայի շահերը, որ Ադրբեջանի իշխանությունների թիկուքն է և պաշտպանում է Ղարաբաղյան կարգավորման ադրբեջանական դիրքորոշումը, և այս կոնտեքստում էլ BBC֊ին վարկաբեկում է Արցախը։
Բրիտանականան ադրբեջանամետ քաղաքականության մի քանի օրինակ.
Եվրախորհրդի նախկին գլխավոր քարտուղար բրիտանացի Թերի Դևիսը, որը, սատարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Ղարաբաղը համարում Ադրբեջան, իսկ 2007-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները ծաղրական տոնով համեմատել էր Եվրոպայում սեքսուալ փոքրամասնությունների խոսքի ազատության սահմանափակման դեպքերի հետ:
Մեկ այլ բրիտանացի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Մայքլ Հենկոկը ողջունեց Ադրբեջանում 2008-ին անցկացված սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն նույն անձը կարող է անընդհատ վերընտրվել նախագահ, հայտարարելով, թե դա ադրբեջանական ժողովրդի ընտրությունն է. «Մարդիկ իրավունք ունեն նախագահ ընտրել նրան, ում ուզում են, ինչքան ուզում են ու քանի անգամ ուզում են»:
Դեռ 2008-ին Բրիթիշ Փեթրոլիումը (BP) Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի 11 բաժնետերերի շարքում ուներ 30,1 տոկոս մասնաբաժին: Բացի այդ, BP-ն ունի 34,1 տոկոս մասնաբաժին Ազերի-Չիրագ-Գունեշլի նավթավայրային կոմպլեքսից, 25,5 տոկոս` Հարավկովկասյան (Բաքու-Թբիլիսի-Էրզրում կամ Շահ-Դենիզ) նավթամուղից և ևս 15 տոկոս` Ալով-Ալբորզ նավթավայրից:
BBC-ի հաղորդման մեջ թերևս հատուկենտ ճիշտ բաներից մեկն այն է, որ մարտի 1֊ին Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ Արցախից զորամիավորում եկել է։ Սակայն BBC-ին լռում է, որ մարտի 1֊ին նախագահի կողմից արտակարգ իրավիճակ մտցվելուց հետո Հայաստանի տարբեր մարզերից ևս զորամիավորումներ են Երևան բերվել տարբեր պետական օբյեկտներ հսկելու համար։
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո, անմիջապես բացելով մարտի 1֊ի գործը, փորձեց տանել այն ուղղությամբ, որի մասին խոսում է BBC-ն՝ զոհերը կապել Արցախից բերված զորամիավորման հետ ու նաև մարտի 1-ի գործը տեղավորեցնել նախապես մշակված սցենարի մեջ՝ թե իշխանությունը «խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրաման է տվել»։
Մարտի 1-ի գործը դեռ գարնանը ուղարկվել է դատարան, որտեղ ամբաստանյալի աթոռին նստած 4 հոգուց ոչ մեկին չի մեղսագրվում սպանություն կամ սպանություն հրաման տալու արարք։
Երկրորդ նախագա Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը մեղադրվում են քրեական օրենսգրքի 300.1հոդվածով՝ սահմանդրական կարգը տապալելու մեղադրանքով (մեղադրանքի հիմքում ընկած է երկու փաստաթուղթ՝ Պաշտպանության նախարարի 2008 թ. փետրվարի 23-ի 0038 հրամանը, ըստ որի բանակը բերվում էր զորանոցային վիճակի, և մարտի 1֊ին նախագահի կողմից արտակարգ վիճակ մտցնելու հրամանագիրը)։
Մինչև այժմ բացահայտված չի, թե ում կողմից են սպանվել մարտի 1-ի զոհերը։
BBC-ի հաղորդումը, թե Արցախից եկած ջոկատը «տեղակայվել էր նախագահի նստավայրում, և նրանց այցելել են երկու նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյաննն ու Սերժ Սարգսյանը», 86 հատորանոց քրեական գործում գոյություն չունի,֊ այդ մասին հաղորդում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Սիվիլնեթին տված հարցազրույցում փաստաբանը տեղեկացնում է, որ Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ զորամիավորումը, ըստ Կարապետյանի ցուցմունքի, մարտի 1֊ին եղել է միայն Կառավարության շենքի ներսում։ Իսկ BBC֊ն իր հաղորդումը վերցրել է Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրության մեջ քննիչի տված հարցից.
Քննիչը հարցնում է.
«Առանձնացած 60 հոգիանոց խմբից ցուցարարների վրա կրակելու պատրաստակամություն է հայտնել 20 հոգի, այնուհետև նրանց տեղափոխել են ՀՀ նախագահի նստավայր և տեղավորել նկուղային հարկում, որտեղ հանդերձավորել են դաշտային սպայական հանդերձանքով, գործով ձեռք բերված տվյալներից 20հոգիանոց խմբի անմիջական ղեկավար է նշանակվել…(անունը չի ասվում) ձևավորվել է 4 փոքր խմբեր, որոնք ուղարկվել են փոքր կենտրոնական փողոցներ կատարել են հատուկ առաջադրանք, կրակել են ժողովրդի վրա։ Ի՞նչ կասեք այս մասին»։
Կարապետյանը պատասխանում է.
«Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են, ժողովրդի վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել, քանի որ չգիտեի թե ինչ խնդիր են առաջադրել»։
Այն որ BBC-ին հայտարարում է թե «նախաքննությունը գտնում է, որ ցուցարների գնդակահրությունը ղեկավարում էր գեներալ մայոր Սամվել Կարապետյանը», իրականում քննիչի պատմողական նախադասության ձև ունեցող հարցն է ուղղված վկա Սամվել Կարապետյանին։
Քոչարյանի մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանը պնդում է, որ գործում չկա ոչ մի ցուցմունք, որ BBC֊ի հրապարակածը հաստատվեր.
«Եթե գոնե մեկ ցուցմունք լիներ, որ այդ հանգամանքը հաստատվել է, հիմա վաղուց աղմուկն արդեն լսել էիք, վաղուց այդ ամենը տեղադրվել էր մեղադրական եզրակացության մեջ»,-ասում է նա։
10 տարի ՀԱԿ շրջանակների կողմից տարածվող պրոպագանդան, թե բանակին «խաղաղ ցուցարների» վրա կրակելու հրաման է տրվել (նաև տարածվում էր թե Ղարաբաղից բերված զորքն է կրակել), իշխանափոխությունից հետո գնաց, տեղավորվեց քննիչի հարցում, որն ավելի շատ պնդում է, քան հարց (մարտի 1֊ի վերաբերյալ պրոպագանդիստական աշխատանքի մասին՝ «Մարտի մեկի գործը. հին կինոն քննչական փաթեթավորմամբ կամ Հայաստանի կորսված լրագրությունը»)։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը