06 08 2019

Իշխանությունները չեն ուզում հասկանալ, որ իրենցից ավելի խելացի և կարող ուժեր կան. Հովհաննես Ավետիսյան

Իշխանությունները չեն ուզում հասկանալ, որ իրենցից ավելի խելացի և կարող ուժեր կան. Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վստահ եմ շատերդ տեսել եք Նիկոլ Փաշինյանի հրապարակումը Հայաստանի ռազմավարական նպատակադրումների նախագծի վերաբերյալ: Եթե` ոչ, նայեք նկարը: Որպես հանրային (պետական) կառավարման մասնագետ, շատ կարճ գնահատական տամ դրան, կարծում եմ շատերիդ կհետաքրքրի:

Ուրեմն, սկսենք դրականից: Վերջապես մեկ տարի անց երկրի կառավարման ղեկը ստանձնած ուժը փորձում է ռազմավարական պլանավորման թիրախներ սահմանել ու, որ կարևոր է, երկարաժակետ հատվածի համար: Սա արդեն լավ է, սակայն ...

Անցնենք բովանդակությանը: Նախ ասեմ, որ ռազմավարական պլանավորման համար պետք է տիրապետել երկու խումբ գիտելիքի: Առաջին` փիլիսոփայություն և լայնախոհություն, Երկրորդ` մաթեմատիկա (տնտեսագիտությունը կարող եք սրա շարքում հաշվել):

Եվ այսպես Վարչապետը ասում է. <<Մինչև 2050 թվական 15-ապատկել Հայաստանի Համախառն Ներքին Արդյունքը>>: Մի փոքր մաթեմատիկա:  Մեր ՀՆԱ-ն վերջին տվյալներով (2018) շուրջ 12.5 միլիարդ ԱՄՆ դոլար է: Եթե մինչև նշված թիվը դրված թիրախը իրագործվի, այն կդառնա 187.5 միլիարդ ԱՄՆ դոլար (12.5 x 15): Թվում է թե լավ է, սակայն: Ինչպես մաթեմատիկները և իմ պես ֆինանսիստները գիտեն, գոյություն ունի փողի ժամանակային արժեք, այսինքն հիմիկվա փողը նույն փողը չէ ինչ մեկ տարի հետո, այսինքն նույն արժեքը չունի: Եվ ընդհակառակը, ապագայի փողը ներկայի նույն փողը չէ: Ուստի բերենք այս ապագայի փողը ներկա արժեքի:

Երբ այս ապագայի 187.5 միլիարդ ԱՄՆ դոլարը բերում ենք այսօրվա արժեքին (2018-2019 թվական) ստացվում է, որ այն դառնում է ընդամենը 43.4 միլիարդ ԱՄՆ դոլար (հաշվարկի հեշտ ձևը ասեմ ինքնուրույն արեք, էքսելի մեջ գրեք PV, այսինքն ներկա արժեք բանաձևը և տեղադրեք, ժամանակահատվածը` 30 տարի, տոկոսադրույքը` 5%, ապագա արժեքը 187.5 միլիարդ): Ասեմ, որ այս տոկոսը Հայաստանի պայմաններում դեռ շատ փոքր եմ գրել, եթե մեծացնենք այս 43.4 միլիարդ ԱՄՆ դոլար ներկա արժեքը ավելի կփոքրանա:

Սրան ավելացնենք հետևյալ կտոր պարզ տեղեկատվությունը: Մենք աշխարհի մաս ենք կազմում, և մեր ցանկացած ռազմավարական պլան պետք է դիտարկենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին կամ առնվազն ներկա դրության հետ: Հետևաբար առնվազն այն պետությունների հետ պետք է համեմատվել, որ կոնֆլիկտ ունենք և առավել ևս պատերազմ, ապա պետք է հասկանանք նրանք ինչ վիճակում են և ինչ են անելու:

Ուրեմն, Ադրբեջանի ՀՆԱ-ն 2018 թվականին կազմել է 47 միլիարդ ԱՄՆ դոլար: Մեզ առաջարկվող ռազմավարական նպատակադրումով մեր ներկայի իշխանությունը առաջարկում է մինչև 2050-ը ունենալ, ինչպես արդեն վերևում հաշվեցինք, 187.5 միլիարդ ԱՄՆ դոլար ՀՆԱ, ինչը ներկա արժեքով հավասար է 43.4 միլիարդ ԱՄՆ դոլարի: Ստացվում է ինչ, մեր իշխանությունները մեզ ասում են, որ սա հավակնոտ պլան է և սա ռազմավարական զարգացման պլան է, որով մինք 30 տարի հետո նույնիսկ չենք էլ հասնելու ներկայի Ադրբեջանին:  Դեռ թողնենք հարցի մյուս կողմը, թե ուր կհասնի Ադրբեջանը երեսուն տարի հետո:

Կարծում եմ չեք ուզենա, որ այլևս շարունակեմ այս ռազամավարական կոչեցյալ ծրագրի քննարկումը:  Ուղղակի, մեկ բան էլ ավելացնեմ: Առողջապահական մասը, որ ես անձամբ շատ եմ կարևորում: Ասում են <<20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը>>:  Ներկայում (2019 բյուջե), այն շուրջ 190 միլիոն ԱՄՆ դոլար է: Եթե մինչև 2050 քսանապատկվի կդառնա 3.8 միլիարդ ԱՄՆ դոլար: Սա կկազմի նպատակադրված ՀՆԱ-ի ընդամենը 2% (3.8 / 187.5): Ներկայում, այս թիվը 1.5% շրջակայքում է, սա նշանակում է, որ առողջապահական համակարգի վիճակը մնալու է շատ վատը:  Համեմատության համար ասեմ, որ այն պետությունը` Բելգիա, որի առողջապահական ծառայություններից ես ստիպված օգտվում եմ, առողջապահության ֆինանսավորմանը հատկացնում է ՀՆԱ շուրջ 10%-ը, սա դեռ առանց կապիտալ ծախսերի: Մերի դեպքում կապիտալն էլ է ներառված:

Կարծում եմ չարժե շարունակել: Ու չարժե հաշվել, օրինակ, երկու միլիոն ավել մարդու դեպքում (առանց խորանալու թե այս մարդիկ որտեղից) անհրաժեշտ բնակֆոնդի ծախսը ինչքան է կազմելու, ասեմ միայն, որ եթե հաշվեք` նպատակադրված ամբողջ ՀՆԱ-ին կտա կանցնի:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ պետությունը գտնվում է մարդկանց ձեռքում, որ նույնիսկ եթե փիլիսոփա են, ապա մաթեմատիկա չգիտեն:  Հետևաբար այս ծրագրի և այս կառավարության չհաջողելը աներկբա է, այսինքն` անխուսափելի: Մեն ներկայի իշխանությունները չեն ուզում հասկանալ, որ այս երկրում իրենցից ավելի խելացի և կարող ուժեր կան, և փակ սենյակում քննարկում անելուց առաջ լավ կլինի գոնե այդ մարդկանցից մի քանիսի հետ խորհրդակցեն:

Վերջապես ասեմ, որ այս ծրագրի նախագծի երևան գալը շատ կարևոր քայլ է, սակայն եթե այն մնալու է այսպիսին, ապա վաղվանից սկսում ենք պատրաստվել իշխանափոխության, և չենք էլ սպասում հաջորդ ընտրություններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ