30 07 2019

Անօրինականության ճանապարհն ընտրածներին կարգի ենք հրավիրելու․ Բակո Սահակյան

Անօրինականության ճանապարհն ընտրածներին կարգի ենք հրավիրելու․ Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին՝ նվիրված 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:

Զեկույցներով հանդես են եկել կառույցի ղեկավարը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Իր խոսքում երկրի նախագահն ընդգծել է բնակչության անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ սկզբունքային և հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Բակո Սահակյանը մոտակա ժամանակահատվածում Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի պատշաճ կազմակերպման գործում կարևորել է ոստիկանության դերը՝ քաղաքացիների անվտանգության ապահովման, հասարակական կարգ ու կանոնի պահպանման տեսանկյունից:

Կոլեգիայի նիստին Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ  կանխատեսումները, թե Արցախը կարող է բախումների շրջան ապրել, իրականությանը չեն համապատասխանում։

«Մենք նպատակ չունենք հայտնվելու բախումների պայմաններում, որովհետեւ չի կարող այդպիսի բան լինել։ Բախումները տեղի են ունենում այն ժամանակաշրջանում կամ այն իրողությունների պայմաններում, երբ քաղաքական զարգացումները բերում են այդպիսի  բախումների։ Մենք չունենք նման իրավիճակ մեր երկրում եւ չենք էլ ունեցել»,-նշել է նա՝ շեշտելով, որ Արցախի ուժը նրանում է, որ դժվար ժամանակաշրջանները հաղթահարել է առանց ցնցումների․ «Առանց աղմկոտ դրսևորումների գործադրելու ենք մեր հնարավորությունները եւ կարգի ենք հրավիրելու անօրինականության ճանապարհը ընտրածներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ