Հայաստանում բոլորը խոսում եւ քննարկում են Ստամբույլյան կոնվենցիայի վավերացման հարցը. նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցին հանդես եկավ մերժողական հայտարարությամբ, սկսվել է այն մերժող ստորագրահավաք, բացահայտվում են դրան կողմ արտահայտվող մարդիկ, կազմակերպություններն ու լրատվամիջոցները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Երեւի նկատել եք, որ ոչ «Մեկ Հայաստան» կուսակցությունը, ոչ ես, չենք անդրադարձել այս գործընթացին, քանի որ ունենք համոզմունք եւ վստահություն, որ Նիկոլ Փաշինյանը այս կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման, քանի որ քաջ գիտակցում է, որ սա կլինի իր իշխանության եւ անձնական կարիերայի վերջը։
Հասկանում եմ, որ իշխանության մեջ ծանրակշիռ մասնակցություն եւ ազդեցություն ունեցող կենտրոնը, եւ որոշ աշխարհաքաղաքական ուժեր ահռելի ճնշում են գործադրում Փաշինյանի վրա՝ իրենց օրակարգն առաջ տանելու եւ Հայաստանում ծայրահեղ ազատական կառավարում հաստատելու համար։
Ես չեմ հավատում, որ Հայաստանում կա, եւ երբեւէ կլինի այնպիսի ղեկավար, որը կգնա այս քայլին եւ հասարակության մեջ կստեղծի կոնֆլիկտոգեն իրադրություն։
Չափազանց մեծ է լինելու անձնական եւ քաղաքական պատասխանատվության բեռը։
Եկեք ապավինենք իշխանության բանականությանը եւ առաջնորդվենք խելամտության կանխավարկածով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը