17 07 2019

Դատավորները դռների տակ վնգստում են, թե եկեք տեր կանգնեք. վարչապետ

Դատավորները դռների տակ վնգստում են, թե եկեք տեր կանգնեք. վարչապետ

Ուզում էի միջամտել դատական համակարգի աշխատանքին ու չէի՞ կարողանում: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչը եղել է միջամտություն վարչապետի կողմից:

«Եթե պետք լիներ միջամտել դատական գործերին, ես չէ՞ի կարող: Ինձ պետք էր ակցիան, դա սիմվոլիկ ակցիա էր, որ, ժողովուրդ ջան, հերիք է ասեք, թե ինչու այս մեկին որոշեցի բաց թողնել, մյուսին` բռնել: Այն դատական համակարգը, որին ժողովուրդը չի վստահում, ես չեմ ուզում կրել դրա պատասխանատվությունը, ես ոչ մեկին ոչ բռնել եմ, ոչ էլ բաց թողել: Ինչի՞ պետք է ամեն անգամ դատական համակարգի ցանկացած որոշումից հետո սկսեն քննարկել, թե ում հետ ինչ գործարքներ եմ քննարկել կուլիսներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի  դիտարկմամբ` ներկայիս դատական համակարգը «տեր-ստրուկ» համակարգ է և փոխանակ մեկ տարում զբաղվեին ինքնամաքրմամբ, դառնալով արժանապատիվ դատավոր, «տերեր են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, այն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում, բա հիմա մենք մնացել ենք անտեր»:

Անդրադառնալով վեթինգին մասին, վարչապետն ասաց.«Մենք ունենալու ենք մի դատարան, որը լինի անկախ ու անաչառ և որոշումներ կայացնի ինքնուրույն: Նպատակը նման դատարան ունենալն է, մեր դատարանն ունենալն է: Տարբեր մարդիկ վեթինգ բառը տարբեր կերպ են հասկանում: Ես չեմ ամաչի ասել, որ քննարկեցինք, վեթինգը հարմար չի, եկեք վեթինգ չանենք, ուրիշ բան անենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ