07 07 2019

ԱՄՆ-ն սուր է պատրաստում ղարաբաղյան հանգույցը կտրելու համար. КП

ԱՄՆ-ն սուր է պատրաստում ղարաբաղյան հանգույցը կտրելու համար. КП

Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ նամակին՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ նշելով, որ եթե այն իրական լիներ, իսկական սենսացիա կլիներ, քանի որ դրանում նշվում է, որ ՀՀ կառավարությունն իբրև թե խոստանում է մոտ ժամանակներս հայկական զորքերը դուրս բերել ԼՂ-ից՝ ՆԱՏՕ-ին մերձենալու համար։

Նամակում նշվում է, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի մոտեցման հիմնական խոչընդոտը հայկական զորքերի ներկայությունն է Ադրբեջանի հետ վիճելի տարածքներում։ «Այդ խոչընդոտը կվերացվի տարվա ընթացքում»,- իբրև թե խոստանում է Փշաինյանը։

«Սա ոչ թե ֆեյք է, այլ նույնիսկ ֆեյքի քառակուսի։ Եթե Նիկոլ Փաշինյանն այդպիսի բան գրեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կամ մեկ ուրիշի, ապա դա կլիներ նրա ղեկավարության վերջին օրը։ Եվ երկրորդ, Հայաստանն իր զորքերը չունի չճանաչված հանրապետությունում։ Պաշտպանական գծում ղարաբաղյան բանակի ստորաբաժանումներն են, իսկ հայկական զորքերը ՀՀ տարածքում են՝ թեկուզև սահմանին շատ մոտ»,- գրում է թերթը՝ հավելելով, որ նամակն ուսումնասիրած փորձագետները վստահ են, որ այդ ֆեյքը սերում է ոչ թե Հայաստանից, այլ դրսից։

«Վաշինգտոնի համար Երևանի և Բաքվի բանակցությունների ներկայիս ֆորմատը փակուղային է։ Ամերիկացիներն առաջարկում են այլ տարբերակ՝ «խաղաղություն՝ տարածքների գնով»։ Արագ և էժան։ Իհարկե, ինչ-որ մեկը կպարտվի, սակայն գլխավոր խոչընդոտը կվերացվի, և հաղթողն իր կամքով ԱՄՆ-ի լծի տակ կընկնի՝ երախտագիտությունից ելնելով։ Կարևորն այն է, որ Ղարաբաղը՝ որպես չլուծված վեճի առարկա, կդադարի գոյություն ունենալ։ Այս պլանն ամբողջովին տեղավորվում է և ԱՄՆ ռազմավարության նոր հայեցակարգի շրջանակում «ի հակազդեցություն Կրեմլի չարակամ ազդեցության» Եվրոպայում, Եվրասիայում կենտրոնական Ասիայում և աշխարհի այլ տարածաշրջաններում՝ հատկապես հետխորհրդային շրջանում։

Ամերիկացի գործիչների կարծիքով՝ անհրաժեշտ է Ստեփանակերտը վերադարձնել բանակցային սեղան։ Տարօրինակ կերպով Վաշինգտոնի և Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները գրեթե ամբողջովին համընկնում են իրար հետ։ ԱՄՆ-ի համար Ստեփանակերտի ձայնը կարևոր է միայն նրա համար, որպեսզի ապահովի նրա համաձայնությունը գործողությունների ամերիկյան պլանին։ Այդ ժամանակ Երևանը բողոքելու ոչինչ չի ունենա՝ ելնելով հենց Փաշինյանի տրամաբանությունից։ Թվում է, թե այստեղ անհանգստանալու ոչինչ չկա, սակայն արդեն հաջորդ տարի ԼՂ-ում նախագահական ընտրություններ են անցկացվելու, և Վաշինգտոնին շատ պետք կգար իրեն ավելի հակված և «բանակցելու ունակ» ղեկավարությունը Ստեփանակերտում։ Եվ ներկայիս դրությունը փոխելու պոտենցիալ հնարավորություն կա։

Մտքեր են առաջ քաշվում նաև ԼՂ իշխանությանը Փաշինյանի կողմնակիցներից մեկին տեսնելու մասին։ Փաշինյանը, ի շահ այդ տրամադրությունների, խորացնում է ԼՂՀ ներկայիս ղեկավարության հետ կոնֆլիկտը։ Եվ, ի դեպ, նախկին նախագահ Քոչարյանի հետապնդումը, որը կարող է և անձնական մոտիվներ ունենալ հիմքում, հստակորեն խորացնում է պառակտումը։ Հիշենք թեկուզ այն, որ Բակո Սահակյանն անձամբ դատարանում երաշխավոր կանգնեց նախկին նախագահի համար, սակայն մի քանի շաբաթ անց դատարանը չեղարկեց ընդունված որոշումը՝ այդպիսով փաստացի ԼՂՀ ղեկավարին, կարելի է ասել, անձնական վիրավորանք պատճառելով։ Ստացվում է, որ քաղաքական գործիչներին, ովքեր պարտավոր են առկա հանգամանքներում մեջք մեջքի կանգնած լինել, իրար դեմ են հրահրում՝ երրորդ երկրի շահերի շրջանակում։ Պաշտոնական Երևանից նեղացել են և՛ Ղարաբաղի ոստիկանապետը, և՛ ԱԽ նախկին քարտուղարը, և շատ ուրիշները։

Փաշինյանի շրջապատից վկայություններ են հասնում, որ նրան խորհուրդ են տալիս Ղարաբաղում իր համակիրների պարտության դեպքում օգտագործել իշխանության գալու նույն տեխնոլոգիան, որն օգտագործեց անձամբ ինքը։ Այսինքն՝ Ղարաբաղում «թավշյա հեղափոխություն» անել՝ մինչև անգամ մասսայական բողոքի ցույցեր կազմակերպելով։ Սակայն հաշվի առնելով այն, ինչ ասվեց վերևում, մեծ կասկածներ կան, որ այդ միտքը կհաջողի, և հաղթողը «Ղարաբաղի բանալիները» կհանձնի Երևանին, այլ ոչ թե օրինակ՝ Վաշինգտոնին։

Առավել հավանական է, որ նամակի ֆեյքը և այլ ֆեյքեր, որոնք վերջին շրջանում եղել են, կան, ու ամենայն հավանականությամբ կլինեն, կոչված են ավելի մեծ պառակտություն հրահրել ՀՀ և Ղարաբաղի ղեկավարության միջև։ Որպեսզի բանը հասնի «ամուսնալուծությանը» և «քո խաղալիքները հետ վերցրու»-ներին։ Կամ թեկուզ նրան, որ էմոցիոնալ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս գա և անցնի գիծը, որից հետո վերադարձ չկա դեպի ԼՂ ղեկավարության հետ հաշտություն և նորմալ հարաբերություններ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ