03 07 2019

Ո՞վ է ժողովուրդը և ինչպե՞ս է հանձնարարականներ տալիս դատախազությանը

Ո՞վ է ժողովուրդը և ինչպե՞ս է հանձնարարականներ տալիս դատախազությանը

Top-news.am-ը գրում է․ «Գաղտնիք չէ, որ պոպուլիզմի հիմքերից մեկը ժողովրդին վկայակոչելն է, ժողովրդին հիշատակելը: Այսպես՝ ժողովուրդն այս է ուզում, ժողովուրդն այն չի ուզում, ժողովուրդը պահանջում է, ժողովուրդը սպասում է: Իսկ ո՞վ է ժողովուրդը՝ դեռ որեւէ մեկը չի ասել, չի տվել այդ սահմանումը: Իսկ չի ասել մեկ պարզ պատճառով, քանի որ ժողովուրդը երբեք չի կարող միասնական դիրքորոշում ունենալ այս կամ այն, այն էլ երկրորդական եւ երրորդական հարցերում:

Այնպես որ, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան հայտարարում է, թե ժողովուրդը դատախազության առաջ հանձնարարական է դնում, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ դասական պոպուլիզմ:

Եթե այդքան հեշտ լիներ որոշել, թե ինչ է ուզում ժողովուրդը կամ ինչ հանձնարարականներ է տալիս դատախազությանը կամ ԿԳ սուպերնախարարին, ապա չէր լինի ոչ հանրաքվե, ոչ էլ ընտրություն, այլ երկրի ղեկավարը կասեր ժողովուրդն այս է ուզում, ժողովուրդն այն է ուզում, եւ ամեն ինչ կավարտվեր:

Այսպես մի անգամ եղել է ոչ վաղ անցյալում, երբ խորհրդային երկրում, որի մաս կազմել էր նաեւ Հայաստանը, ասում էին, թե ասում ենք կուսակցություն (ժողովուրդ), հասկանում Ստալին, ասում Ստալին՝ հասկանում կուսակցություն (ժողովուրդ):

Հիմա Նիկոլ Փաշինյանն իրեն, կարծես թե, նույնացնում է ժողովրդի հետ: Գովերգելով այն դատախազությանը, որ դեռ մեկ տարի առաջ պատրաստվում էր իրեն զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ կալանավորել՝ Փաշինյանը հայտարարում է, թե կարծում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազություն է, եւ որ պատրաստ է  իրականացնել այն առաքելությունը, այն գործառույթը, որը  ժողովուրդը դնում է նրա առաջ:

Ահա այսպես: Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն նույնացնում է ժողովրդի հետ: Սա արդեն լուրջ է, սա արդեն տխուր է, սա արդեն վտանգավոր է: Չենք կարծում, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորված տեսնել, չի ցանկանում ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանի տառապանքներին եւ կտտանքներին հետեւել, չի ցանկանում տիկին Սիլվայի ցուցմունքների հիման վրա «կարված» գործերի ընթացքին հետեւել:

Այո, իսկապես, կան մարդիկ, որոնց համոզել են, որ իրենք վատ են ապրել, քանի որ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գեւորգյանի դեմ քրեական գործեր չեն հարուցվել, իսկ տիկին Սիլվան էլ աջ ու ձախ ցուցմունքներ չի տվել: Կան, բայց դրանք հաստատ մեծամասնություն չեն կազմում: Այնպես որ, անգամ չասեք, որ Նիկոլ Փաշինյանը հենց նրանց նկատի ուներ, երբ գովերգում էր դատախազությանը:

Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը, խախտելով սահմանադրությունը, հայտարարել է, թե որոշում է կայացրել գլխավոր դատախազին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհել՝ ավելացնելով, թե որոշումն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից որոշումը ստորագրվելուց հետո:

Իսկ ՀՀ սահմանադրությունը շատ հստակ սահմանում է, որ այդ կոչումը շնորհում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

Մնում էր նշել, որ ժողովուրդն է գլխավոր դատախազին այդ կոչումը շնորհել, եւ ամեն ինչ իր տեղը կընկներ:

Նիկոլ Փաշինյանի գովերգումը դատախազությանը վկայում է նաեւ այն մասին, որ այս մարմինը, որը պետք է անկախ լիներ գործադիր իշխանությունից, կատարում է բացառապես օրվա քաղաքական իշխանության հրահանգները:  

«Կեղտոտ դար է, կեղտոտ բարքեր»,- կասեր հայտնի ֆիլմի հերոսը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ