26 06 2019

«Թավշյա» իշխանության լևոնական դրածոները. 7or.am

«Թավշյա» իշխանության լևոնական դրածոները. 7or.am

7or.am-ը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի գաղափարական դատարկությունը մի օր պետք է լցվեր։ Եվ լցվել է։ Լցվել է Լևոն Տեր–Պետրոսյանի դավանած գաղափարներով։ Այդ գաղափարները վերաբերում են և՛ Արցախի հարցին, և՛ ներքին կյանքին, և՛ արտաքին քաղաքականությանը։ Անգամ կառավարման ոճն է նմանակվել՝ անգրագիտություն և լկտիություն։

Որպես այս ամենի հետևանք՝ «թավշյա» իշխանությունը լցվել է լևոնական կադրերով։ Արդյունքում՝ մենք ստացել ենք լևոնանիկոլական իշխանություն, որի «կուզովը» նիկոլական է, իսկ «խադավոյը» և շարժիչը՝ լևոնական։

Լևոնական կադրերն են առաջատար տեղ զբաղեցնում իշխանական տեղեկատվական դաշտում, քաղաքական հետապնդումների կազմակերպման գործում և իշխանության սեփականաշնորհման գործերում։

Ներկայացնենք լևոնական կադրերի ոչ ամբողջական ցանկը։

Թիվ մեկ լևոնական հոգեզավակն, անշո՛ւշտ, Նիկոլ Փաշինյանն է։ Նա՝ որպես էժանագին թերթի խմբագիր ու պոպուլիստ քաղաքական գործիչ, կայացել է քիրվայական մթնոլորտում, ներծծվել հակաղարաբաղցիական «շտամպներով» և ապրել ատելության մթնոլորտում։

2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Նիկոլը Լևոն Տեր–Պետրոսյանի հանրահավաքային դիջեյն էր։ Իսկ երբ պետք եղավ անկարգություններ կազմակերպել ու «Թող լիքը զոհ պահանջվի՝ ինձնից բացի» ծրագիրը կյանքի կոչել, նույն Նիկոլը գլխավոր սադրիչ էր աշխատում։ Հենց հասկացավ, որ ուժով իշխանությունը վերցնել չի հաջողվում, ծլկեց դեպքի վայրից՝ մինչ այդ հասցնելով 10 զոհ, բազմաթիվ վիրավորներ թողնել փողոցներում։ Դե, իսկ 1–ին նախագահն այդ գիշեր, ինչպես ինքն էր ասում, հանգիստ քնել է։

Երբ Նիկոլը տեսավ, որ Լևոնը «մարած աբլիգացիա» է, նետվեց հակառակ ճամբար և իր սոցիալ–տնտեսական վիճակը սկսեց բարելավել ու աղքատությունը գրպանում (բայց ոչ երբեք գլխում, քանզի դա արդեն հոգեվիճակ է ու չի «քերվի») հաղթահարել՝ հաճախորդություն անելով։

2018–ից հետո նա չէր ուզենա կրկին վերադառնալ իր քաղաքական հոր գիրկը, բայց քանի որ բնությունը դատարկություն չի սիրում, ուստի «ժողովրդի» վարչապետը անառակ որդու պես վերադարձել է իրեն ծնող միջավայր։

Անցնենք մյուս լևոնականներին։

Վլադիմիր Կարապետյան

Փաշինյանի մամլո խոսնակը Լևոն Տեր–Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ–ի կարկառուն ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն է։ Մարդ, ով խոսնակություն է արել նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, բայց՝ ավելի ցածր կարգավիճակով։ Վլադիմիրը եղել է արտաքին գործերի նախարարության խոսնակը, և զարմանալի է, որ հիմա խոսում է քոչարյանական տարիներին վարվող արտաքին քաղաքականության մասին բացասական երանգով։

Եթե Քոչարյանի ժամանակ, իբր, Մեղրին են հանձնելուց եղել, ու այլ փիս–փիս բաներ են արվել, և, իբր, Կարապետյանը դա լավ բան չի համարել, ապա ինչո՞ւ է լռել, իսկ խոսելիս էլ կատարել «Մեղրին ծախելու» խոսնակություն։ Եթե Կարապետյանն իմացել է Մեղրիի մասին ու չի խոսել, նշանակում է՝ պատեհապաշտ է։ Իսկ եթե նման բան չի եղել, ու «Մեղրին ծախում էր Քոչարյանը» հորինված է այդ բլեֆին հավատացող ապուշների համար, ապա Կարապետյանը ստախոս է։

Կարապետյանը միայն 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ դուրս եկավ ԱԳՆ–ից, քանզի հաշվարկել էր, որ Տեր–Պետրոսյանը կարող է վերցնել իշխանությունը, և ինքը կարող է կարիերան շարունակել արդեն լևոնական իշխանության հետ։ Իսկ որ Կարապետյանը կարիերիստ է և չունի սկզբունքայնություն, ապացուցվում է նրա՝ Փաշինյանի խոսնակը դառնալու հանգամանքով։

Դատե՛ք ինքներդ. ինչպես հայտնի է, երբ Փաշինյանը թռավ ՀԱԿ–ից ու սկսեց հայհոյել Տեր–Պետրոսյանին, Կարապետյանը Տեր–Պետրոսյանի հետ էր ու քննադատում էր Փաշինյանի վարքագիծը՝ վերջինիս համարելով Սերժ Սարգսյանի հաճախորդ։ Այդ օրերին լևոնականները Նիկոլին ՆիԿԿոլ էին ասում ու ձեռ առնում։ Ուշագրավն այն էր, որ Փաշինյան–Տեր–Պետրոսյան փոխադարձ մեղադրանքների հնչեցման դեպքում երկուսն էլ ճիշտ էին։

2017–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանի թիմակից Արարատ Միրզոյանը, ով հիմա ԱԺ նախագահ է նշանակվել, քննադատում էր Կարապետյանին Արցախի հարցում՝ լևոնականներին համարելով պարտվողականներ։ Հիմա սրանք մի թիմի մեջ են ու առաջ են տանում Տեր–Պետրոսյանի քիրվայական գիծը։

Վահե Գրիգորյան, Գագիկ Ջհանգիրյան, Գրիգոր Բեքմեզյան

Վահե Գրիգորյանին շանտաժի ու ՀՀ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանի հետ ստվերային գործարքի արդյունքում նախ դարձրեցին ՍԴ անդամի թեկնածու, ապա նշանակեցին ՍԴ դատավոր։ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանն ինքնահռչակվեց որպես ՍԴ նախագահի պարտականություններ կատարող։

Վահեն նույնպես կարկառուն լևոնական է և տարիներ շարունակ քաղաքական փաստաբանություն է արել 1–ին նախագահի համար։

Այժմ լևոնականներն ուզում են Սահմանադրական դատարանի բռնազավթում իրականացնել։ Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ Սահմանադրական դատարանի առումը պլանավորվել է տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանի՝ լևոնական օդիոզ այս սուբյեկտի ակտիվ մասնակցությամբ։

Հակահայկական քարոզի առաջամարտիկ «1in.am»–ի եթերում ընտրակեղծիքների հիմնադիր–տեխնոլոգ Ջհանգիրյանը նախքան Վահեի ինքնահռչակումն արդեն անոնս էր արել այդ ամենը՝ չթաքցնելով, որ ուղղակի ներգրավվածություն ունի հակասահմանադրական քայլերի պլանավորման գործընթացում։

Ի դեպ, դատական համակարգում, ավելի կոնկրետ՝ ԲԴԽ–ում, հիմա նույնպես լևոնական կադրերի ներհոսք է։

Ինչպես հայտնի է, ԲԴԽ–ում կուլիսային տարբերակով իշխանության զավթում տեղի ունեցավ։ Ոմանց ստիպեցին լքել պաշտոնները, որպեսզի յուրայիններով լցնեն այդ կառույցը և դամոկլյան սրի պես կախեն բոլոր ատյանների դատարանների գլխին։ Եվ ահա այդ ԲԴԽ–ի նորաթուխ անդամ է նշանակվել Լևոն Տեր–Պետրոսյանի քրոջ խնամին՝ Գրիգոր Բեքմեզյանը։

Տիգրան Հակոբյան, Արա Շիրինյան, Տիգրան Պասկևիչյան

Այս երեքը զբաղեցնում են տեղեկատվական դաշտի կարևոր պոստերը։ Տիգրան Հակոբյանը զբաղեցնում է ՀՌԱՀ ղեկավարի պաշտոնը և ունի հեռուստառադիոընկերությունները վերահսկելու լիազորություններ և անհրաժեշտ պահին կարող է պատժիչ ֆունկցիա կատարել Փաշինյանի ու Տեր–Պետրոսյանի ազդեցությունից դուրս գտնվող լրատվամիջոցների նկատմամբ, ինչպես որ վերջերս էր դա արել։

Տիգրան Հակոբյանը մոլի լևոնական է ու հավատավոր քիրվայական։ Նույնը կարելի է ասել նաև վերջերս Հ1–ի նախագահ նշանակված Արա Շիրինյանի և նրա խորհրդական դարձած Տիգրան Պասկևիչյանի մասին։

Սրանք պետբյուջեի հաշվին լևոնական գաղափարների քարոզ են տանում։

Անդրանիկ Քոչարյան, Հովհաննես Իգիթյան

Լևոնական ամենաօդիոզ կադրերից է Անդրանիկ Քոչարյանը։ Սա «Իմ քայլի» քվոտայով նշանակվել է ԱԺ ուժային բլոկի հանձնաժողովի նախագահ և ըստ տարածված տեղեկությունների՝ աչքը տնկել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի աթոռների վրա՝ «Որը կպավ՝ կպավ» տարբերակով։

Սա Նիկոլի մոտ կատարում է ամենաքստմնելի ֆունկցիան։ Հակառուսական ու հակաղարաբաղցիական քարոզի առաջամարտիկ սույն Անդրանիկն իր վրա վերցնում է բոլոր այն կեղտոտ գործերը, որոնք չեն համաձայնի անել նույնիսկ ամենաավարտված քայլարածները կամ մոլի լևոնականները։ Վերջին կեղտոտությունը ապրիլյան պատերազմի ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովը գլխավորելու համաձայնությունն էր։

Պարզ է, որ Փաշինյանը մարտի 1–ի զոհերի թեման շահարկելուց հետո անցում է կատարում քառօրյա պատերազմի զոհերի թեման շահարկելուն։ Բոլորն էլ գիտեն, որ դա անբարոյական քայլ է։ Եվ ուրիշ էլ ո՞վ պետք է այդ անբարոյական գործի գլխին կանգներ, եթե ոչ Անդրանիկ Քոչարյանը, ում լևոնական նախագահության շրջանում ապօրինի ու ապաշնորհ գործունեության մասին բազմաթիվ տեղեկություններ կան համացանցում։

Հակառուսականության ու քիրվայականության քարոզիչ լևոնականներից է նաև «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, ով ԵԽԽՎ–ում օրերս փախավ դահլիճից այն պահին, երբ քվեարկության էր դրվել Ռուսաստանը ԵԽԽՎ վերադարձնելու հարցը։

«Լևոնական պայմանագիր»

Եվ վերջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին։ Վերջերս այդ կուսակցության համաժողովն էր։ Ընտրվեց կուսակցության վարչութան նոր կազմ։ 21 հոգուց բաղկացած վարչության մեջ 11–ը, այսինքն՝ կեսից ավելին, այն մարդիկ են, ովքեր հանդիսանում են լևոնական «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամներ։

Մի խոսքով, 2018–ի ապրիլ–մայիսին տեղի ունեցածով մենք վերադարձել ենք հնագույն Հայաստան։ Լևոնական Հայաստան։ Դա է պատճառը, որ ներքաղաքական կյանքը վերածվել է 1998–ին ու 2008–ին տեղի ունեցածի «ռազբորկաների», և մենք ականատեսն ենք քիրվայական գաղափարախոսության ռեինկարնացիայի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ