26 06 2019

Ռոբերտ Քոչարյանի երրորդ կալանավորումը՝ ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

Ռոբերտ Քոչարյանի երրորդ կալանավորումը՝ ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

Ռուսական մամուլը, շարունակելով ուշադրության կենտրոնում պահել Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը, անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի հերթական անգամ կալանավորմանը։ Ներկայացնում ենք Коммерсантъ, Комсомольская правда և Аргументы и факты լրատվամիջոցների հրապարակումները։

«Հայաստանի երկու առաջնորդների դիմակայությունը Նիկոլ Փաշինյանի՝ հակակառավարական զանգվածային բողոքների արդյունքում իշխանության գալուց մեկ տարի անց ամպրապնդում է երկրում պառակտումը»,- գրում է Коммерсантъ-ը՝ հավելելով, որ դատախազությունը սկսեց Ռոբերտ Քոչարյանի կրկնակի կալանավորմանը հասնելու քայլեր անել այն բանից հետո, երբ մայիսի 18-ին առաջին ատյանի դատարանը փոխեց նրա խափանման միջոցը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։ «Կրքերն էլ ավելի բորբոքվեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նախորդ շաբաթվա վերջում դատավոր Դանիելյանը ոստիկանություն է դիմել՝ իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով»,-նշում է պարբերականը։

Թերթը գրում է՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտնում էին, որ Հայաստանի քրեական դատական վարույթի պատմության մեջ չի եղել նախադեպ, որ պաշտպանվող կողմին թույլ չտան ներկայացնել իր տեսակետը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ 5-րդ ալիքին տված հարցազրույցին՝ պարբերականը գրում է․ «Հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հստակ հասկացրեց՝ չնայած իր դեմ քրեական գործի հարուցմանը՝ նա մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից և ապագայում կշարունակի Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը։ Նախկին նախագահը նաև չբացառեց, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը կարող է կապված լինել ղարաբաղյան կոնֆլիկտի հարցով իր դիրքորոշման հետ»։

Ռուսական լրատվամիջոցը հիշեցնում է, որ զանգվածային բողոքների արդյունքում նախորդ գարնանն իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը դրանից 10 տարի առաջ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ էր։ Հայտնելով զանգվածային կեղծիքների մասին՝ ընդդիմությունը մարդկանց փողոց հանեց, որտեղ արյուն թափվեց։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ էր, հանձնվեց իշխանություններին և դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո «թավշյա հեղափոխության» առաջնորդը «Մարտի 1-ի գործի» բացահայտումն  իր առաջնահերթություններից մեկը հռչակեց։

«Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելուց հետո Հայաստանին մոտակա շաբաթների ընթացքում սպասվում է դատական մարտի շարունակությունը, որը երկրի նախկին և գործող առաջնորդների հարաբերությունների բուռն պարզաբանումն է դարձել»,- շեշտում է Коммерсантъ-ը։

Թերթը, անդրադառնալով նաև ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվելուն, այդ իրադարձությունները «դրամատիկ» է որակում։ «Նախորդ շաբաթվա վերջում ՍԴ ղեկավարությունում թագավորեց երկիշխանությունը»- նշվում է հոդվածում։

Аргументы и факты պարբերականը գրում է․«Արդարադատությո՞ւն, թե՞ վենդետա․ Հայաստանում նախկին նախագահի դեմ դատական գործի հերոսապատումը շարունակվում է արդեն գրեթե մեկ տարի»՝ հիշեցնելով, որ Արցախի գործող և նախկին նախագահերի անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր համակիրներին հորդորեց դուրս գալ փողոցներ, բողոքել «կոռումպացված դատավորների դեմ» և արգելափակել բոլոր դատարանները։

АиФ-ը գրում է․ «Ինչպես արդեն նշել ենք, Քոչարյանի դեմ դատական գործը կարող է կապված լինել հայկական նոր իշխանությունների՝ իրենց դիրքերն ամրապնդելու փորձի հետ»։ «Դատավորները օրենքի պահանջի և գործող իշխանությունների՝ Քոչարյանին նստեցնելու ցանկության արանքում են։ Կալանքի համար օրինական հիմքեր չկան, որովհետև, համաձայն երկրի սահմանադրության, պետության նախկին ղեկավարը չի կարող քրեական պատասխանտվության ենթարկվել»,- պարբերականի հետ զրույցում ասել է փորձագետ Նիկոլայ Սիլաևը։

«Ես ուզում եմ հիշեցնել,որ նա սովարական մարդ չէ։ Նա Հայաստանի հերոս է։ Նա մարդ է, ով արյուն է թափել»,- հիշեցրել է հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Ո՞վ է դեմ» հաղորդման եթերում։ Նրա խոսքով՝ քաղաքացիները, ովքեր երբեք չեն մասնակցել ռազմական գործողությունների, և ովքեր այժմ ցանկանում են Քոչարյանին բանտում նստեցնել, պետք է հասկանան, որ իրենք «ոչնչացնում են հերոսների փառքը»։

Թերթը հիշեցնում է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորել է Արցախյան շարժումը, որի անդամները պայքար մղեցին Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից հանելու համար։

Թերթն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման՝ հայ-ռուսական հարաբերությունների վրա հնարավոր ազդեցությանը։

Նիկոլայ Սիլաևի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով՝ ռուս-հայկական հարաբերություններն ընդհանուր առմամբ նույն մակարդակի վրա են մնացել․ «Այդուհանդերձ, Քոչարյանի կալանավորումը կարող է Ռուսաստանի համար բարդություններ առաջացնել։ Նախկին նախագահն անձնավորում է Հայաստանի քաղաքական դասի այն խումբը, որը հաղթել է Ղարաբաղի պատերազմում և երկիր ստեղծել։ Այդ մարդիկ շատ ուշադիր են պաշտպանության հարցերի նկատմամբ, և Ռուսաստանի հետ պաշտպանական դաշինքի կողմնակիցներն են։ Քոչարյանի վրա հարձակումը հարձակում է այդ բոլոր մարդկանց վրա։ Այն կարող է հանգեցնել նրանց ազդեցության անկմանը և այն մարդկանց իշխանության գալուն, ովքեր կարող են այլ կերպ նայել ներկայիս Հայաստանի համար Ռուսաստանի կարևորությանը»,- ասում է փորձագետը։

Комсомольская правда-ն իր անդրադարձում գրում է. «Քոչարյանի համար սրանք, անշուշտ, վատ լուրեր են։ Սակայն նա կարծես թե որոշել է, ինչպես ասում են, սկզբունքները չզիջել: Դատարանի որոշման նախօրեին տված հարցազրույցում նա հայտնեց, որ չի խոնարհվի ներկայիս իշխանությանը։

Հաշվի առնելով, որ Քոչարյանը, նախագահ լինելով, ընդամենը հասարակական կարգ է ապահովել և թույլ չի տվել, որ Երևանում «գունավոր հեղափոխություն» լինի, բազմաթիվ փորձագետներ նրան հետխորհրդային Հայաստանի առաջին իսկական քաղբանտարկյալ են համարում։ Առավել ևս, որ Քոչարյանի հակառակորդն այդ պահին Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, իսկ Քոչարյանը կարգուկանոն հաստատելուց հետո պաշտոնից հեռացավ՝ ապահովելով իշխանության փոխանցումը՝ ըստ Սահմանադրության։

Բազմաթիվ դիտորդների համար զարմանալի էր այն փաստը, որ դատավորը Քոչարյանի նոր կալանքի մասին որոշումը կայացնելուց առաջ լսեց դատախազության միջնորդությունը, մարտի 1-ի զոհերի հարազատներին և վկաներին (չնայած նրանք ոչ մի կապ չունեին օրակարգի հետ), սակայն հրաժարվեց խոսք տալ նախկին նախագահի պաշտպանական խմբին։ Եվ սա ինքնին արդեն շատ բանի մասին է խոսում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ