24 06 2019

Ի՞նչն է միավորում Փաշինյանին, Տեր–Պետրոսյանին ու «Սասնա ծռերին». 7or.am

Ի՞նչն է միավորում Փաշինյանին, Տեր–Պետրոսյանին ու «Սասնա ծռերին». 7or.am

7or.am-ը գրում է․ «ՍԴ նախագահ ինքնահռչակվելու Վահե Գրիգորյանի հակասահմանադրական քայլը պաշտպանում են Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր–Պետրոսյանն ու ՀԱԿ անդամները (հատկապես ակտիվ է օդիոզ նախկին զինդատախազ և ընտրակեղծիքների հիմնադիր–տեխնոլոգ Գագիկ Ջհանգիրյանը)և «Սասնա ծռերը»։ Չհաշված «Իմ քայլի» մի քանի անմեղսունակները և հաստիքային ծափահարողները։

Առերևույթ միմյանցից տարբերվող, տարբեր հետագծեր ունեցող ու հակադիր գաղափարախոսությունների կրող սուբյեկտների՝ Լևոնենց ու «ծռերի» միասնությունն է Գրիգորյանի հարցում շատ զարմանալի ու կասկածելի։ Նշանակում է, որ կա մի հզոր ձեռք, որը սրանց ստիպում է միասնաբար գործել։

Մարտավարական առումով Փաշինյանը, Տեր–Պետրոսյանը և «ծռերը» միգուցե տարբեր պատճառներով են պաշտպանում ՍԴ–ն վերցնելու քայլը, բայց ռազմավարական առումով երեքի գործողությունները համահունչ են միմյանց ու մեկ ընդհանուր պլանի մասն են կազմում։

Մինչ այդ պլանի բուն էությանն անդրադառնալը՝ վերհիշենք ոչ վաղ անցյալի դեպքերը։

ՊՊԾ–ի առումը

«Սասնա ծռեր» խմբավորումը ՊՊԾ գունդը գրավեց, իրենց իսկ ձևակերպմամբ, Հայաստանում ապստամբություն սկսելու և Արցախի հարցով Լավրովի պլանը տապալելու համար։

Հետագայում, իհարկե, պարզվեց, որ նպատակն այն էր, որ Ժիրայր Սեֆիլյանը հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, բայց դա արդեն էական չէ։

Արժե հիշել, թե վերը նշված եռյակից ով ինչպես իրեն պահեց ՊՊԾ–ի գրավման ժամանակ։

Ընդդիմադիր հաճախորդ աշխատող Նիկոլ Փաշինյանն անմիջապես հայտնվեց դեպքի վայրում ու սկսեց տեղեկություններ հաղորդել։ Դրանից հետո նա փորձեց գնդի տարածքին կից հավաքված ժողովրդին օգտագործել իր անձնական քաղաքական փիառն անելու նպատակներով՝ հընթացս մեղադրելով Լևոն Տեր–Պետրոսյանին Սերժ Սարգսյանին ծախվելու և Լավրովի պլանին աջակցելու համար։

«Ծռերն» այդ փուլում թույլ չտվեցին Փաշինյանին միավորներ հավաքել իրենց հաշվին։ Մասնավորապես, Պավլիկ Մանուկյանը նույնիսկ կոչ էր անում Նիկոլին չլսել ու նրան գցել զիբիլի վեդրոն։

Ինչ վերաբերում է Տեր–Պետրոսյանին, ապա նա դատապարտեց «ծռերի» գործողությունները։

Լավրովի պլանից մինչև Բոլթոնի պլան

2018–ի իշխանափոխությունից շատ չանցած՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց Լևոն Տեր–Պետրոսյանի գաղափարական տիրույթում։ Նա, միգուցե, այդպես չէր ուզում, բայց քանի որ դատարկություն է տիրում քայլարածների ճամբարում, ուստի այդ դատարկությունը պետք է ինչ–որ բանով լցվի։ Լցվել է քիրվայականությամբ։ Պատահական չէ, որ Փաշինյանի թիմում օր օրի ավելանում են ՀԱԿ–ականները։

ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը նույնպես Տեր–Պետրոսյանի թիմակիցն է ու տարիներ շարունակ եղել է նրա քաղաքական փաստաբանը։ Եվ ուրեմն, բնական է, որ Վահեի հակասահմանադրական քայլը պաշտպանում է Գագիկ Ջհանգիրյանը։ Վերջինս տխրահռչակ «1in.am»–ում, մինչև Գրիգորյանի ինքնահռչակումը, ակնարկում էր, որ այդպես է լինելու, ինչը ցույց է տալիս, որ Փաշինյանն իր բոլոր գործողություններն իրականացնում է ջհանգիրյանների հետ, իսկ «Իմ քայլին» վերապահված է այդ ամենը դակելու և ծափահարելու ֆունկցիան։

Եթե Փաշինյանի ու Տեր–Պետրոսյանի վերաինտեգրացիան և լևոնանիկոլական իշխանության ձևավորումը բնական են, ապա անբնական է այս դուետին «Սասնա ծռեր» կուսակցության միանալը։ Առնվազն ՍԴ–ն գրավելու հարցում այս երեքը միասնաբար են գործում։

Հարց է առաջանում, թե ի՞նչը կարող էր միավորել հայտարարությունների մակարդակով ծովից ծով Հայաստան պահանջող «ծռերին» Արցախի խնդիրը պարտվողական «փուլային» տարբերակով լուծելու կողմնակիցներին։ Միավորում է արտաքին հզոր ձեռքը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ծովից ծով ու լճից լիճ Հայաստան պահանջողները միայն ձևով են իրարից տարբերվում, իսկ ահա բովանդակությամբ նույնն են։

Վահե Գրիգորյանին այս երեքը պաշտպանում են որպես գործիք։ Բռնապետական ռեժիմ հաստատելու գործիք։ Իսկ ռեժիմն այդ անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի կյանքի կոչել Բոլթոնի պլանը։

Արցախի հարցով Բոլթոնի պլանն է («Փող և բաց կոմունիկացիաներ՝ Արցախի դիմաց»)միավորում Նիկոլ Փաշինյանին, Լևոն Տեր–Պետրոսյանին և «ծռերին»։ Վերջիններս հիմնավորում էին ՊՊԾ–ի գրավումը տարածքային զիջումներ ենթադրող Լավրովի պլանը տապալելու ռազմահայրենասիրական ցանկությամբ, բայց, արի ու տես, որ ծպտուն չեն հանում Բոլթոնի պլանի կապակցությամբ։ Պլան, որի ռազմավարական թիրախը Ռուսաստանն է, մարտավարական թիրախը՝ Իրանը, շահառուն՝ Թուրքիան, Արցախի տեսքով բոնուս ստացողը՝ Ադրբեջանը, մանրադրամը՝ Հայաստանը։

Ինքնիշխանության և նմանատիպ այլ թեմաներով ճոռոմ բաներ արտասանողները համավոր հարսի պես են իրենց պահում, երբ Բոլթոնը Երևանում հայտարարում է պատմական կաղապարներից ձերբազատվելու մասին։ Կաղապարներ, որոնք վերաբերում են Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան ու Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ իրար ատող, բայց արտաքին մոդերատորի միջոցով նույն գծի մեջ հայտնված Փաշինյանի, Տեր–Պետրոսյանի ու «ծռերի»՝ արտաքուստ տարօրինակ թվացող միասնականության մասին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ