22 06 2019

Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը.yerkir.am

Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը.yerkir.am

Բանակցային գործընթաց

Վերջին շրջանում Ալիևը դարձյալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախյան ուղղությամբ։ Դա նախևառաջ պայմանավորված է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարվածության մեծացման դինամիկան ուղղակիորեն փոխկապակցված է նաև Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարավորություններին: 

Եթե փորձենք երկու բառով գնահատել բանակցային գործընթացի ներկայիս վիճակը, ապա կարող ենք առանձնացնել թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Նախ՝ դրական պետք է գնահատել այն, որ, նախորդ տարիների համեմատությամբ, զգալիորեն նվազել են սահմանային միջադեպերը։ Սա կարող է դրական նախադրյալ լինել բանակցային գործընթացն առավել հանգիստ մթնոլորտում առաջ մղելու տեսանկյունից։ Մյուս կողմից` այդ միտումը կարող է ունենալ լատենտային նշանակություն, այն է՝ սահմանային միջադեպերի նվազումը կարող է կրել իրավիճակային բնույթ՝ պայմանավորված Ալիևի սպասելիքներով։ Դրանց չարդարացման պարագայում իրավիճակը կարող է շատ ավելի կտրուկ ու անսպասելի զարգացում ունենալ։

Բացասական կողմերից մեկն այն է, որ բանակցային գործընթացում չկա պրագմատիկ առաջընթաց։ Թեև հայկական կողմը փորձում է բանակցել խաղաղության, կայունության ապահովման դիրքերից, այդուհանդերձ, դա խոշոր հաշվով կամ ըստ էության չի վերափոխում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին ագրեսիվ դիրքորոշումը։ Ավելին` չկան այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք կնպաստեն Ադրբեջանի հանրությանը խաղաղության նախապատրաստելուն։

Արձանագրենք, որ հայկական կողմը չի խոսում խաղաղության հաստատման հնարավորության մասին. չպետք է մոռանալ, որ մենք գտնվում են պատերազմի մեջ, և դժվար է նույնիսկ խոսել հարաբերական խաղաղության մասին։ Հայկական կողմը շեշտադրում է խաղաղության մթնոլորտի ձևավորման, իսկ հետագայում  նաև՝ զարգացման անհրաժեշտության մասին՝ բանակցություններում առաջընթաց ունենալու ակնկալիքով։

Հակասական, նույնիսկ ոչ նախանձելի իրավիճակում է Ալիևը. եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախկինում պնդում էր, որ բանակցային գործընթացում չկա առաջընթաց՝ Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական կամքի բացակայության, բանակցային գործընթացը ձգձգելու պատճառներով, ապա տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո առնվազն այդ խնդիրը վերացել է։ Սակայն, վերջին մեկ տարվա ընթացքում բանակցային գործընթացում չունենալով լուրջ ձեռքբերումներ, Ալիևը Ադրբեջանի հանրությանը պետք է մատուցի հայկական կողմից բանակցային գործընթացը ձգձգելու կամ մանիպուլյացիոն այլ քարոզչական մոդել։

Մյուս կողմից` Ալիևը, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության բերումով, իսկապես ակնկալիքներ ուներ արցախյան բանակցային գործընթացից՝ հօգուտ իրեն իրավիճակ ստեղծելու առումով։ Ավելին` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուշադիր հետևում է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։ Իսկ այդ ուղղությամբ լարվածության խորացման, անկայունության միտումների հնարավորության իսկ դեպքում հարևան երկրի իշխանությունները կօգտվեն ստեղծված իրավիճակից՝ փորձելով դիմել ռազմական հերթական արկածախնդրության։ Բաքվում առանձնակի նշանակություն են տալիս Հայաստան-Արցախ անհամաձայնությունների հարցին, հնարավորության դեպքում՝ քարոզչական, տեղեկատվական-հոգեբանական միջոցներով փորձում ներազդել այդ անհամաձայնությունների զարգացմանը։ Չտեսնելով հստակ հնարավորություններ կամ օգուտներ բանակցային գործընթացի` այս մեկ տարվա ընթացքից ու արդյունքներից՝ Ալիևը, սահմանային լարվածության մեծացմամբ, փորձում է ճնշումներ գործադրել ինչպես հայկական կողմի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վրա։ Հայտնենք, որ այս ամենը տեղի էր ունենում հունիսի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպմանն ընդառաջ։  

Տարածաշրջանային գործընթացներ

Շատ հաճախ սահմանային իրավիճակի սրացումները գլխավորապես դիտվում են հայ-ադրբեջանական դիմակայության կամ հակամարտության համատեքստում՝ կտրվելով աշխարհաքաղաքական, տնտեսական միտումներից ու գործընթացներին։ Սա թերևս բավական նեղ, հիմնականում՝ թյուր պատկերացումներ ու գնահատականներ է  իր հետ բերում հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի, հակամարտող կողմերի միջև շահերի փոխդասավորվածության իրադրության վերաբերյալ։

Հակամարտության շուրջ ստեղծված իրադրության շուրջ հնարավորինս համապարփակ գնահատականներ կարելի է տալ այն ժամանակ, եթե խնդրին մոտենանք նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումների դիտանկյունից, որոնք ուղղակի, թե անուղղակի իրենց ներգործությունն են թողնում, այդ թվում` և Արցախյան հակամարտության ուղղությամբ։

Խնդիրն ակտուալանում է վերջին օրերին Մերձավոր Արևելքում և մեզ հարակից տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի բևեռացման հետևանքով։ Այդ առումով պահպանում է ակտուալությունը Վաշինգտոն-Թեհրան, Թել-Ավիվ-Թեհրան դիմակայությունը։ Տարածաշրջանում Իրանի մեկուսացման` Վաշինգտոնի մարտավարությունն անդրադառնում է նաև տարածաշրջանի այլ երկրների արտաքին քաղաքականության վրա։

Զուգահեռաբար, սրվել են Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները՝ կապված ռուսական Ս-400 զենիթահրիռայյին համակարգերի ձեռք բերման գործարքի հետ։ Չնայած Թրամփի վարչակարգի ճնշումներին` Էրդողանն օրերս հայտարարեց, որ գործարքն արդեն ավարտված կարելի է համարել։ Պետք է նկատել, որ Վաշինգտոն-Անկարա հակասություններն իրենց հերթին են ազդեցություն ունենում հարավկովկասյան ուղղությամբ։ Անկարան, իրեն ապահովագրելով գործարքի ձախողման, տապալման հնարավոր զարգացումներից, կարող է խառնել Վաշինգտոնի խաղաքարտերը, ապակայունացնել իրավիճակը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Նշյալ իրողությունները պայմանավորված են ՌԴ-Թուրքիա հարաբերություններով և մասնավորապես այն հարցադրումներով, թե Անկարան  ի՞նչ գին է վճարելու ռուսական Ս-400-ների ձեռք բերման գործարքի դիմաց, և ո՚՞րն է Մոսկվայի փոխզիջման գինը։

Սրանք հարցեր են, որոնք թեև ուղղակի կապվածություն չունեն Հայաստանի կամ Արցախյան հակամարտության հետ, այդուհանդերձ, միամտություն է չտեսնել դրանց անուղղակի հետևանքներն ու անդրադարձները դրանց ուղղությամբ։   

 

Սահմանային սրացումներ

Կարծում ենք, որ նաև նշյալ գործընթացների համատեքստում պետք է դիտարկել արցախյան ուղղությամբ սահմանային լարվածության վերջին միտումները, միջադեպերը։ Եթե նախորդ ամիսներին ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտում էր գլխավորապես հրաձգային տարբեր զինատեսակներից, ապա վերջին շրջանում հայ դիրքապահների ուղղությամբ սկսել են կիրառվել ականանետեր, նռնականետեր։

Թեև պետք է նկատել, որ հրադադարի պահպանման ռեժիմը քանակական հաշվարկով գրեթե պահպանել է նախորդ ամիսներին գրանցված վիճակագրական դինամիկան։ Այսպես` Արցախի ՊՆ պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ընթացիկ տարվա ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3700 կրակոց: Մայիսի 26-ից հունիսի 1-ն-ին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ` հրաձգային զինատեսակներից արձակելով ավելի քան 3500 կրակոց: Հունիսի 2-ից 8-ն-ի վիճակագրությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (25 արկ): Այդ ամսվա 9-ից 15-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ, օգտագործվել են ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 արկ):  

 

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ