7or.am-ը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ կորցրել է «փողոցը», և իշխանությունը պահելու համար իրեն միայն վարչական, ուժային, սադրիչ ու կրիմինալ լծակները կարող են օգնել։ Նաև, այսպես կոչված, մահապարտների խումբը։
«Մահապարտները» նիկոլական իշխանության այն ներկայացուցիչներն են, որոնք կատարում են օրենքից դուրս այնպիսի քայլեր, որոնք «ժողովրդի» վարչապետի սրտով են։
«Մահապարտները» Փաշինյանին պետք են «Ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը» տարբերակով։ «Մահապարտ» են նրանք, ովքեր հասկանում են, որ եթե Փաշինյանը կորցնի իշխանությունը, ապա իրենք օրենքի տառին ու ոգուն համարժեք պատասխան են տալու իրենց արածի համար։ Այսինքն՝ «մահապարտները» պայքարում են ոչ միայն ու ոչ այնքան Փաշինյանի աթոռի, որքան իրենց կաշին փրկելու համար։ Իսկ վախը համատեղ հանցանքի գնալու և Փաշինյանի իշխանությունն ամեն գնով պահելու լավագույն շարժառիթն է։
Ովքեր են «մահապարտները»
Փաշինյանն ամեն օր ձգտում է ավելի շատ թիմակցի «մահապարտ» դարձնել։ Նա ձգտում է պետական կառավարման համակարգը դարձնել հանցավոր բանդա, որպեսզի այդ բանդան կուռ օրգանիզմ դառնա ու ատամներով պաշտպանի իրեն։ Ու որպեսզի բանդան գործի արդյունավետ ու անձնուրաց, պետք է ամեն օր ապօրինություններ անի և հրապարակավ թշնամանա Փաշինյանի թշնամիների հետ։
Երեկ, օրինակ, «մահապարտ» դարձավ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը։ Լևոնական այդ փաստաբանը ակնհայտ ապօրինություն է թույլ տվել ու երևի դեռ շարունակելու է այդ ուղղությամբ քայլերը, ինչը նշանակում է, որ նա անխուսափելիորեն առնչվելու է ՀՀ սահմանադրության 2–րդ հոդվածի հետ՝ իշխանության յուրացման մասով։
«Մահապարտ» են Ռոբերտ Քոչարյանի դեմ «գործ» սարքելու մեջ ներգրավվածները՝ տխրահռչակ Սասուն Խաչատրյանը, վերջին մեկ տարում միլիոններ վաստակած «այգեգործ» քննիչ Հրաչը, յենիչերիական սկզբունքով նիկոլական դարձած ու գունափոխված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ում օգտագործելուց հետո Նիկոլը շպրտելու է այնպես, ինչպես դեն են նետում ցանկացած օգտագործած ու մինչև վերջ մաշեցրած իրը։
«Մահապարտ» դարձավ նաև Քոչարյանի «գործը» քննող դատավոր Արմեն Դանիելյանը, ով երեկ ակնհայտ ապօրինի վարքագիծ դրսևորեց։ Իսկ մինչ այդ նա կասկածելի պայմաններում դարձել էր դատախազության երկու դիմումները քննող դատավոր։ Վաղը, մյուս օրն այս ամենը բացվելու է, և դատավորն ուսումնասիրելու է Քրեական օրենսգիրքը, բայց լրիվ այլ կարգավիճակով։
ՀՔԾ–ի ու դատախազության բոլոր այն աշխատակիցները, որոնք ներգրավված են Քոչարյանի դեմ գործընթացում, նույնպես «մահապարտ» են ու նույնպես պատասխան են տալու։
«Մահապարտ» է «մուտիլովկաներով» զբաղվող ու քառօրյա պատերազմի զոհերի քաղաքական շահարկմամբ զբաղվել պատրաստվող Անդրանիկ Քոչարյանը։ Լևոնական այս դրածոյին վաղուց էր պետք դատել իր հանցագործությունների համար։ Հանցագործություններ, որոնց մասին համացանցը հեղեղված է։ Բայց ինչ–ինչ հանգամանքներից ելնելով՝ նա դեռ ազատության մեջ էր մնացել, ու դա է պատճառը, որ «մահապարտի» էնտուզիազմով ծառայում է Նիկոլին։
«Մահապարտ» են նաև փողոցային այն փոքրաթիվ սադրիչները (ջիվանները և այլն), որոնք Փաշինյանի համար «փողոցային աջակցության» իմիտացիա են ապահովում կորցրած իրական փողոցի պայմաններում։
Աբովյանի ընտրություններից հետո «մահապարտ» դարձավ նաև մարտնչող քայլարած ու քաղաքականապես անմեղսունակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Փաշինյանը սրանց միտումնավոր ներգրավում է ապօրինությունների ու հանրությունը պառակտելու գործընթացներ, որպեսզի ամրապնդի իր դիրքերը։
Քայլարածների թիմում կան նաև ինքնամատուցվող «մահապարտներ»։ Բայց դա ոչինչ չի տա Փաշինյանին, քանի որ դեստրուկտիվիզմի և համատեղ գործած հանցանքի վրա հիմնված իշխանական թիմն, ի վերջո, փլուզվում է առաջին իսկ թեթև հպումից։ Շմայսն ու Լիսկան էլ նախորդ իշխանության «մահապարտներն» էին։ Մեջն ի՞նչ։
Լֆիկը նախորդ իշխանության «բարեգործն» էր։ Այսօր նա դարձել է տիկին Աննայի հիմնադրամի բարեկամը։ Մեջն ի՞նչ։
Նույն գլխավոր դատախազ, մեր օրերի Վիշինսկի Արթուր Դավթյանը երեկ Նիկոլին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել ու դարձել նախորդ իշխանության «մահապարտը»։ Այսօր նա Նիկոլի «մահապարտն» է։ Մեջն ի՞նչ։
Բոլոր ժամանակների ու բոլոր տիպի «մահապարտներն», ի դեպ, մի առանձնահատկություն ունեն։ Նրանք ինքնապահպանման բնազդից ելնելով՝ առաջինն են «փուռը տալիս» իրենց տիրոջը։ Իսկ եթե զգում են, որ տերը նաև հոգեկան ու այլ տիպի խնդիրներ ունի, ապա դա անում են շատ ավելի արագ, քան կարելի է պատկերացնել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը