NEWS.am-ը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը շարունակելու է դասավանդել ՌԴ ԱԳՆ հանրահայտ МГИМО համալսարանում (Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ):
«Ամփոփելով ուսումնական տարվա արդյունքները, հաշվի առնելով արծարծվող թեմաների արդիականությունն ու ուսանողների մեծ հետաքրքրությունը, մենք առաջարկեցինք պրոֆեսոր Սողոմոնյանին երկարաձգել պայմանագիրը և շարունակել համատեղ աշխատանքը», - NEWS.am-ի հետ զրույցում ասել է համալսարանի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը։ Քիչ առաջ Վիկտոր Սողոմոնյանից տեղեկացան, որ նա արդեն աշխատում է «դասընթացի փաստագրական բաղադրիչի նորացման ուղղությամբ»։
Ինչպես հայտնի է, անցած ուսումնական տարում Սողոմոնյանը նշված համալսարանում հանդես է եկել հատուկ դասընթացով («Քաղաքական իմաստների ձևափոխումը ժամանակակից լրատվամիջոցների համակարգում»), որի ունկնդիրն էին քաղաքագիտության և միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետների մագիստրանտները։ Դասընթացի շրջանակներում Վիկտոր Սողոմոնյանը, մասնավորապես, ներկայացնում է վերջին 10 տարիների ընթացքում քաղաքական դիսկուրսի կարևոր հատկանիշների փոփոխությունները, պատմում է զանգվածային մշակույթի սյուժեների և հերոսների աննախադեպ ազդեցության տակ գտնվող ժամանակակից մարդու՝ սոցիալական գործողություններում «իմիտացիոն» բաղադրիչի մեծացման մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը