19 06 2019

Թշնամանք սերմանելը ո՞ւր է մեզ հասցնելու․ Շարմազանով

Թշնամանք սերմանելը ո՞ւր է մեզ հասցնելու․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Fair play-ի և քաղաքական Գարինչաների հրամայականը

Քաղաքականությունը, նախ և առաջ, գաղափարների մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար:Ոչ թե անձերի, այլ բացառապես գաղափարների մրցակցություն, ոչ թե թշնամանք, այլ զուտ մրցակցություն:Իմ քաղաքական գործունեության ընթացքում և՛ խիստ քննադատել եմ և՛ եղել սուր քննադատության թիրախում:

Փորձել եմ քաղաքական պայքարը անձնական հաշիվներ մաքրելու գործիք չդարձնել, մերժել և մերժում եմ անձնական վրեժխնդրություն, անձնական ու առավել ևս ընտանեկան դաշտ մտնելը, անկախ նրանից ով և ինչի համար է դա նախաձեռնել:Համոզված եմ, որ անձնական ատելության և թշնամանքի ու տարատեսակ վրեժխնդրության առկայությունը ոչնչացնում է առանց այն էլ չկայացած քաղաքական համակարգը:

Հայհոյելը, վիրավորելը, ատելություն ու թշնամանք սերմանելը մեկը մյուսի նկատմամբ ու՞ր է մեզ հասցնելու:Դա թուլացնում է մեր ընդհանուր տապանը՝ Հայաստանի Հանրապետությունը:Այո, մենք՝ բոլորս, նույն տապանի մեջ ենք: Ու պարտադիր չէ թշնամին հերթական անգամ հարձակվի մեզ վրա դա հասկանալու համար:

Թե՛ իշխանությունը և թե՛ մենք՝ ընդդիմադիրներս պետք է գիտակցենք, որ թե՛ մեկը և թե՛ մյուսը նպատակ լինել չեն կարող:Նպատակը պետք է լինի առողջ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում պետականաշինություն իրականացնելը:Կասեք՝ դժվար բան եմ ասում…Դժվար է, բայց անկարելի չէ:Մեր քաղաքական համակարգը պետք է շարժվի արդար խաղի կամ fair play-ի կանոններով:

Հ.Գ.1960թ. Ռիո դե Ժանեյրոյում հանդիպում էին երկու մոլի հակառակորդ ֆուտբոլային թիմեր՝ Բոտաֆոգոն և Ֆլումինենսեն:Բոտաֆոգոյի լեգենդար հարձակվող Գարինչան գոլային դիրքում է հայտնվում, բայց նկատելով հակառակորդ թիմի վնասվածք ստացած պաշտպանին՝ գնդակը դարպասն ուղարկելու փոխարեն խաղադաշտից դուրս է ուղարկում:Ի պատասխան Գարինչայի ասպետական քայլի՝ Ֆլումինենսեի պաշտպան Ալդաիրը գնդակը եզրից նետելով՝ վերադարձնում է մրցակցին:Այդ օրվանից Գարինչայի և Ալդաիրի վարքագիծը լավ իմաստով վարակիչ ու չգրված օրենք դարձավ ֆուտբոլում:

Հ.Հ.Գ.Այս դիպվածը պետք է բավարար լինի մեզ գիտակցելու քաղաքականության մեջ ազնիվ մրցապայքար իրականացնելու համար:Հայաստանի քաղաքական համակարգը քաղաքական Գարինչաների և Ալդաիրների կարիք ունի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ