13 06 2019

Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննության կանչվելու ՔԿ ծանուցումը․ Aysor.am

Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննության կանչվելու ՔԿ ծանուցումը․ Aysor.am

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հունիսի 12-ին18։30-ին չի ներկայացել Քննչական կոմիտե հարցաքննության։

Ավելին, Aysor.am-ի աղբյուրները փոխանցել են, որ նա ոստիկանի կողմից ծանուցումն ստանալուց հետո պատռել է և իրավապահ մարմին ներկայանալու մասին որևէ տեղեկություն չի հաղորդել։

 Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը Aysor.am-ին տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 11-ին առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը: 

«Գագիկ Ծառուկյանը նախաքննական մարմնին երեկ հարցաքննության չներկայանալու պատճառների մասին չի հայտնել», - ասել է Հարությունյանը։ 

Լրատվամիջոցը փորձել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանից տեղեկություններ ստանալ նախաքննական մարմին չներկայանալու պատճառների մասին, սակայն վերջինը չի պատասխանել զանգերին։

Քննչական կոմիտեն Ծառուկյանին հրավիրել էր հարցաքննության Աբովյանում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի հրկիզման դեպքի մասին արված հայտարարության հետքերով։ Նա, հիշեցնենք, մասնավորապես, հայտնել էր, որ կատարվածը «սարքած գործ է»։  «Եթե չբացահայտվի, ապա մեր իրավապահ մարմինները լիարժեք իրենց տեղում չեն։ Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն։ Հենց դրանք են «մուտիլովչիկները», որոնք այդպիսի քայլերի են գնում։ Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի», - ասել էր նա։ 

Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ