Աբովյանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի շտաբից քաղաքացիների են բերման ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Այս մասին ահազանգ են ստացել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները։
ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտնել է, որ իրենք ահազանգել են ՄԻՊ։ Բերման ենթարկելուց երկու ժամ հետո քաղաքապետի համակիրներին ազատ են արձակել, պարզվել է, որ զենք չունեն։
Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց․ «Ես վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի զենք էլ չկա, պարզապես 3 ժամը ժամանակ է նրանց համար, որ բերման ենթարկվածը չկարողանա իր աշխատանքը կատարել»։
Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ այդ միջադեպում ինքը միտում է տեսնում, եւ իրենք դիմելու են ՀՔԾ, որպեսզի ստուգեն, թե արդյոք եղել է այդպիսի ահազանգ։
Պատգամավորի խոսքով՝ լարված իրավիճակը մարզպետի կողմից է ստեղծվել։ «Առանց անհարմար զգալու շրջում է էս տեղամասից էն տեղամաս, ինչ-որ մեքենաների միջից նկարում է մարդկանց, անհարամար է, բա սա մարզպետին սազական վարքագիծ է, եւ նրա հորդորով էլ բնականաբար գործի են անցել որոշ պաշտոնյաներ: Խնդիրը ՏԻՄ-ում հաջողություն ունենալը չէ, սկզբունքի հարց է, եւ էդ նույն վարչապետը երբ հայտարարում է, որ ոչ մի մեղավոր անձ չպիտի խուսափի պատասխանատվությունից, հիմա տենանք, թե վարչապետի թիմը ոնց ա իր իսկ հայտարարությունը պաշտպանում, իրականացնում»:
Դեպքի առնչությամբ Slaq.am-ը կապ է հաստատել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ: «Մենք գործընկերներով՝ պատգամավորներով հիմա գտնվում ենք Աբովյան քաղաքի Ոստիկանության բաժնում , որտեղ շատ տարօրինակ և վտանգավոր երևույթներ են կատարվում: Անհիմն բերման են ենթարկել Վահագն Գևորգյանի նախընտրական շտաբից ակտիվիստի և երեք ժամ պետք է անցնի , նոր դուրս գա, իսկ այդ անձնավորությունը զբաղված է իր ընտրական գործընթացի կազմակերպմամբ » ,- ասել է Միքայել Մելքումյանը:
Պարոն Մելքումյանը նշել է, որ կատարվածին պետք է տալ իրավական, և քաղաքական գնահատական:
«Կատարվածի քաղաքական գնահատականը այն է, որ Մարզպետը հարկի-անհարկի ելույթ է ունենում, որի իրավասությունը ես չգիտեմ՝ ինքը ունի, թե չունի : Եթե մենք ասում ենք, որ քաղաքական հեղափոխությունից հետո երկրում պետք է նոր կարգեր ստեղծվեն շատ անհասկանալի է, որ Մարզպետը միջամտում է ինչ-որ գործընթացների, որի իրավունքը ինքը ըստ էության ինքը չունի» ,- ասել է ԲՀԿ պատգամավորը:
Խոսելով Ոստիկանություն բերման ենթարկվածի մասին պարոն Մելքումյանը նշել է, որ դա նույնպես համարում է ճնշում:
«Սա ճնշումների վառ միջոցներից մեկն է և անհասկանալի է, թե ինչու: Էն ինչ մենք հեղափոխության ժամանակ հռչակել ենք, որ պետք է կատարվեր հենց օրինականության սահմաններում ՝ նախևառաջ խախտվում է քաղաքական ընտրական գործընթացի ինստիտուտների ոտնահարմամբ:
Պետք է սրան վերջ տալ և սրա գնահատականը տալ՝ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական» ,-ավելացրել է Միքայել Մելքումյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը