07 06 2019

Ադրբեջանական մամուլը ջանք չի խնայում լուսաբանել ՀՀ վարչապետին. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանական մամուլը ջանք չի խնայում լուսաբանել ՀՀ վարչապետին. Տաթևիկ Հայրապետյան

Ելնելով Ադրբեջանի տարածքում զարգացումներից՝ հիմա քիչ հնարավոր եմ համարում, որ Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ էսկալացիայի, բայց պարբերաբար փորձում է ուժի ցուցադրումով հանդես գալ: Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

Նա փաստեց՝ հունիսի 8-11-ը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կմեկնարկի թուրք-ադրբեջանական համատեղ «Անդրդվելի եղբայրություն» խորագրով զորավարժությունը.

«Անցյալ տարվա գրեթե միևնույն ժամանակահատվածում ևս տեղի էին ունենում թուրք-ադրբեջանական զորավարժությունները Կարսում. դրանք ոչ առաջինը, ոչ վերջինն են, որոշակի ուղերձներ պարունակում են: Վերջին շրջանում նաև մայիսին Ադրբեջանը զորավարժություններ կազմակերպեց արդեն արցախաադրբեջանական սահմանի շրջանում: Այս բնույթի զորավարժությունները գտնվում են Հայաստանի և Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո, հավելյալ տագնապի կարիք չենք տեսնում, ուշի ուշով հետևում ենք բոլոր զարգացումներին»:

Ըստ Տաթև Հայրապետյանի՝ Ադրբեջանը ԱԳ նախարարների հանդիպման նախօրյակին նման պահվածք է ցուցաբերում: Նրա խոսքով Ադրբեջանը մշտապես փորձել է ուժ ցուցադրել:

«Հայաստանի հայտարարությունները բավականին ծանր տարան Բաքվում: Այս ուժի ցուցադրման փորձերն ուղղված են նաև իրենց ներքին լսարանին: Վերջին շրջանում նավթի գների անկումը ևս անդրադառնում է Ադրբեջանի վրա՝ որոշակի խնդիրներ առաջ բերելով»:

Հարցին՝ Հայաստանում վերջին շրջանում տարածված հայաստանցի-արցախցի տարանջատումն Ադրբեջանում օգտագործո՞ւմ են հօգուտ իրենց, Տաթև Հայրապետյանը պատասխանեց.

«Վերջին շրջանում ընդհանրապես Ադրբեջանում շատ-շատ են խոսում ՀՀ-ի և Արցախի մասին: Իմ դիտարկմամբ՝ նյութերի երևի կեսից ավելին վերաբերում են Հայաստանին: Ինչպես հայկական մամուլն է շարունակ լուսաբանում վարչապետ Փաշինյանին, այնպես էլ ադրբեջանական մամուլը ջանք չի խնայում լուսաբանել վարչապետին: Նա շատ ավելի բարձր դիրքերում է լուսաբանման տեսանկյունից, քան Ալիևը: Ինչ վերաբերում է հայաստանցի-արցախցի բաժանմանը, Հայաստանում իրականում այդպիսի բաժանում չկա, արհեստական մտցված դիսկուրս է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ