ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյան, կարո՞ղ է այդ մասին էլ է «կիրթ» Ալիեւը ականջիդ շշնջացել վերելակներում
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց, որ իր կառավարման ամեն մի օրը վնասում է ազգային անվտանգությանն ու պետական շահին:
Խոսելով իր հայտարարած «դավադիր ուժերի» մասին, ասաց, որ հանգել է այդ եզրակացությանը, քանի որ պաշտոնյաներից մեկը իր հետ հանդիպումից հետո օգնականին հանձնարարել է իր դեմ սոցիալական ցանցերում գրառում անել: Սա ասում է ոչ բարով վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդ: Սա պետությո՞ւն է, թե՞ մսուր մանկապարտեզ: Ամոթ է, հերիք է անլրջացնեք ամեն ինչ ու երկրի ղեկավարումը իջեցնեք ֆեյսբուքչիների բամբասանքի մակարդակի: Սրանով Փաշինյանի զավեշտալի մեկնաբանությունները չեն ավարտվում:
Ուշադրություն. ՀՀ վարչապետն ասում է, թե Արցախի ղեկավարությունը մինչեւ իրեն տեղյակ չի եղել, թե ինչ է բանակցվում : Իրո՞ք: Կարո՞ղ է, այդ մասին էլ է ականջիդ «կիրթ եւ նորմալ անձնավորություն» Ալիեւը շշնջացել, ինչպես «Սանկտ-Պետերբուրգում պայմանավորվածություն չունենալու» մասին էր ասել: Բա տարիներ շարունակ Արցախի ղեկավարները Ստեփանակերտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցչի հետ ի՞նչ են քննարկել:
Հայաստանի եւ Արցախի ղեկավարների բազմաթիվ հանիպումներ են տեղի ունեցել, որից հետո պաշտոնական հաղորդագրություններ են տարածվել, որ քննարկվել է բանակցային կարգավորման գործընթացը: Ամեն խեղկատակություն էլ սահման է ունենում: Գիտակցեք, ի վերջո, որ Ձեր ստոր մանիպուլյացիաներին ականջ են դնում ոչ միայն երկրի ներսում: Հետո էլ նեղանում եք, թե դրսում լուրջ չեն վերաբերվում:
Հ.Գ. Օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա: Անունները ե՞րբ եք հրապարակելու: Թե՞ իրավիճակը իրավիճակի հետեւից փոխվում է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը