ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ձևավորելու առաջարկը պատկանում է Հայաստանին, հայկական կողմը չի կարող մերժել այն, ինչ հենց ինքն է առաջարկել։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որում Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայկական կողմին մեղադրում է իր զինծառայողի սպանության մեջ` եզրակացնելով, որ հայկական կողմի կոչերը խաղաղության մթնոլորտի կառուցման մասին կեղծ են և իրականում Հայաստանը ցանկանում է խաթարել բանակցությունները:
Հարց. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում հայկական կողմին մեղադրում է իր զինծառայողի սպանության մեջ` եզրակացնելով, որ հայկական կողմի կոչերը խաղաղության մթնոլորտի կառուցման մասին կեղծ են և իրականում Հայաստանը ցանկանում է խաթարել բանակցությունները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
Աննա Նաղդալյան․ Բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ձևավորելու առաջարկը պատկանում է Հայաստանին։ Հայկական կողմը չի կարող մերժել այն, ինչ հենց ինքն է առաջարկել։ Այդ մթնոլորտի ստեղծմանն էին միտված Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հիմնականում պահպանվում են։ Հայաստանը և Արցախը հավատարիմ են իրենց հանձնառություններին։
Ինչպես գիտեք, Արցախը կտրականապես հերքել է զինծառայողի սպանության մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, և ճիշտ կլիներ, որ մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ադրբեջանական կողմը իրականացներ ներքին հետաքննություն ենթադրյալ միջադեպի վերաբերյալ` իրականությունը պարզելու նպատակով:
Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի առկայության պարագայում հնարավոր չէր լինի ապատեղեկատվություն տարածել հրադադարի խախտումների մասին։ Հատկանշական է, որ հենց ադրբեջանական կողմի մերժման պատճառով այդ մեխանիզմը մինչ օրս չի ստեղծվել։ Ստեղծված իրավիճակում ընդգծում ենք հրադադարի ամրապնդման, այդ թվում հետաքննող մեխանիզմ ստեղծելու 2016թ․ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը։
Ուշագրավ է նաև, որ զինծառայողի սպանության մեջ հայկական կողմին մեղադրող լուրեր Բաքուն տարածում է համանախագահների տարածաշրջանում գտնվելու օրերին։ Սա բանակցային գործընթացը խաթարելու և համանախագահների կողմից նախանշված առաջիկա հանդիպումը ձախողելու փորձ է։
Նման կեղծ լուրեր տարածելով Բաքուն փորձում է իր ապակառուցողական քաղաքականության մեղքը բարդել բանակցային մյուս կողմերի` Հայաստանի ու Արցախի վրա։
Այն ցույց է տալիս, թե որքանով է Բաքուն պատրաստ արձագանքել հիմնահարցի հանգուցալուծման միջնորդական ջանքերին, որքանով է պատրաստ շարունակել ու առաջ մղել բանակցությունները։
Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացում իր դրական ներգրավվածության հանձնառությանը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմամբ շարունակելու է ջանքեր ներդնել դրան նպաստող մթնոլորտի ստեղծման ուղղությամբ։
Հարց․ Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքների հետ մեկտեղ՝ Ադրբեջանի ԱԳՆ կողմից նշվեց այնտեղ ապրող հայերի, Ադրբեջանի՝ հանդուրժողականության երկիր լինելու, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին:
Աննա Նաղդալյան․ Հետաքրքիր է, որ իր տարածքում բնակվող հայերի մասին նշում է մի երկրի ներկայացուցիչ, որտեղ արգելվում է ոչ միայն հայերի, այլ նույնիսկ նրանց ազգանունների գոյությունը տարբեր ազգերի ֆուտբոլասերների շապիկների վրա:
Ադրբեջանում առ այսօր առկա անհանդուրժողականությունը հետևանք է Սումգայիթի, Բաքվի և այլ բնակավայրերում իրականացված հակահայկական ջարդերի, հայատյացության սերմանման քաղաքականության անպատժելիության, որի գագաթնակետը եղավ Սաֆարովի հերոսացումը և Արցախի դեմ Ադրբեջանի 2016թ. ապրիլյան ագրեսիան, որն ուղեկցվում էր զազրելի վայրագություններով:
Ինչ վերաբերում է Հայաստանի «ներքին քաղաքական խնդիրներին», մենք ժամանակ չենք վատնում բացատրելու ժողովրդավարական հասարակության գործունեության տարրական կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը