ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուս լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանը կասկածի տակ չի դնում Գյումրում ռուսական ռազմաբազայի գոյությունը, գրում է РИА Новости-ն։ Մնացականյանը հայտնել է, որ ռազմաբազայի հետ կապված միջադեպերը խնդիրներ չեն ստեղծում հայ-ռուսական շփումներում։
«Ռազմաբազան մեծ նշանակություն ունի: Փոխհարաբերություններում կարող են տարբեր հարցեր լինել, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կարող է կասկածի տակ դնել ռազմաբազայի գոյությունը»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:
Պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ՀԱՊԿ երկրները կարող են կոնսենսուսի հասնել այդ հարցով։
«Կազմակերպությունը բավականին կայուն է, նախ և առաջ, անդամ երկրների համագործակցության շնորհիվ: Չկա որեւէ իրավիճակ, երբ մեր տարաձայնությունները լինեն այնպիսի մակարդակի, որը սպառնալիքի տակ կդնի մեր՝ համաձայնության գալու կարողությունը: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս դա կապացուցենք»,- ասել է Մնացականյանը՝ հավելելով․ «Համաձայնության կհասնենք մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը, քիչ մնաց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը