17 05 2019

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն ունեն բարոյական իրավունք դատարան դիմելու. Բալասանյան

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն ունեն բարոյական իրավունք դատարան դիմելու. Բալասանյան

Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ունեն պաշտոնական և բարոյական իրավունք՝ դիմելու համապատասխան մարմիններին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ունի իր ներդրած լուման Արցախյան գոյապայքարում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով երկու նախագահների կողմից Երեւանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած անձնական երաշխավորությանը, որով առաջարկվում է փոխել ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց՝ կալանավորումը։

«Ցավում եմ, որ ոմանց կողմից դա ընդունվեց որպես հակահեղափոխական քայլ և հույս ունեմ, որ այն կգտնի համարժեք պատասխան: Տարբեր հարցերի շուրջ մեր մոտեցումները կարող են շատ տարբեր լինել, բայց մենք կողմնակից ենք Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև համերաշխ և կառուցողական հարաբերություններին: Կցանկանայի հիշեցնել անցած տարվա հունիսին նախագահ Բակո Սահակյանի նամակը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որով անվերապահ աջակցություն էր հայտնում նրան Արցախի իշխանությունների կողմից: Երբևիցե Արցախի որևէ նախագահ, Հայաստանի Հանրապետության թե′ երկրորդ և թե′ երրորդ նախագահներին այդպիսի գրավոր աջակցություն չի ներկայացրել: Նիկոլ Փաշինյանի կատարած սիրո, համերաշխության և համախմբվածության հեղափոխության ֆոնին ստեղծված իրավիճակին մենք ցուցաբերել ենք համապատասխան վերաբերմունք և կառուցել մեր հարաբերություններն այդ շրջանակում: Հիմա կարո՞ղ եմ հարց տալ պարոն վարչապետին. ի՞նչ կամ ո՞ւմ նկատի ուներ՝ ասելով, որ Արցախում հակահեղափոխական տրամադրություններ կան»,- նշել է Վ. Բալասանյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ