Panorama.am-ը գրում է․ «Ինչ գույն ունեն երեխաները։ Ինչ գույն է տաբուլա ռազան։ Ինչ ենք ուզում մեր երեխաներից, երբ նրանց տանում ենք քաղաքական ցույցերի։ Ինչ գործ ունեն երեխաները դատարանների առջև, ինչ են հասկանում կյանքից, որ կանգնեցնում ենք նրանց «ցմահ» պահանջի ցուցանակներով։
Ինչ հույս, թե ամբիցիոզ հավատ ունենք, որ երեխաները մեզնից ավելի տեղյակ են կյանքից, սոցցանցերից, սոցպահանջից, և ուրեմն գիտեն ինչ պահանջել դատարաններից, քաղաքական էլիտաներից, կառավարությունից, ոստիկաններից, դպրոցների տնօրեններից...։
Հասկանու՞մ ենք, որ նրանց դարձնում ենք քավության նոխազ՝ գցելով հոտի առաջ, պաշտպանվելով նրանցով։
Ինչ ենք սովորեցնում նրանց։ Անհնազանդությո՞ւն։ Ում դեմ է հետո այն շրջվելու։
Պահանջատիրությո՞ւն։ Ինչ պահանջատիրության մասին կարող է խոսք գնալ, երբ երեխային չենք սովորեցնում հասարակ պարտականություններ ու իրավունքներ, որ հենց իրենն են, ոչ թե մեծերինը։
Ափսոսանքով եմ նայում ազգի փեղկվածությանը, ագրեսիային, բայց առավել ափսոսանքով եմ նայում մեր՝ երեխաներին ունեցած վերաբերմունքին։ Ինչու սկսեցինք պաշտպանվել նրանցով։ Կամ եթե չենք պաշտպանվում, այլ «ուղղակի»՝ խառնում ենք նրանց մեծերի գործերին, առանց հասկանալու, թե ինչ փոփոխությունների բեռ ենք դնում նրանց ուսերին...։
Ե՞րբ այսքան անպատասխանատու դարձանք։ Ինչու դաստիարակությունը, որ ամենօրյա խնամք ու պատասխանատու քայլերի ու գործերի շարք է երեխայի նկատմամբ, դարձավ ուղղակի բարձիթողիություն։
Չգիտեմ ինչ գույների եք դուք, բայց երեխաներին դադարեք ներկել սև կամ սպիտակ։Մի դարձրեք նրանց քաղաքական բումերանգ։
Դատավարության պահանջ, փողոց փակել, ցուցամոլություն... կանցնեն-կգնան։ Բայց այն կնիքը, որ դրանցով դրվում է երեխաների վրա կարող է խարան դառնալ։
Տեր եղեք, տեր դարձեք, տիրություն արեք։ Թե չէ՝ էլ ինչ մեծեր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը