Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման թեմային՝ նշելով, որ այդ գործընթացն օրինաչափ է և անխուսափելի։
«Դժվար է 100 կամ 110 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատակցից պահանջել այն որակը և ժամանակի տրամադրումը, որն անհրաժեշտ է մեր առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։ Սա միակ դրդապատճառն է աշխատավարձերի բարձրացման համար։ Խոսքը 1771 ընտանիքի և նրանց բյուջեների եկամուտների բարձրացման մասին է»,- նշել է Երևանի փոխքաղաքապետը։
«Քաղաքական մեծամասնությունը ոչ թե դեմ է աշխատավարձերի բարձրացմանը, այլ դեմ է բաշխման օրինաչափությանը: Ինչ վերաբերում է աշխատակիցների` օտար լեզուների տիրապետելուն, ապա, այո, համայնքային ծառայողները պետք է տիրապետեն օտար լեզուների, քանի որ, եթե մենք ուզում ենք ունենալ նոր մշակույթ, գիտելիքներ, ապա այդ նոր գիտելիքներն արտերկրում են»,- նշել է փոխքաղաքապետը և հավելել. «Մենք դրել ենք մեր աշխատակիցների առաջ այդ պահանջը և սկսում ենք բավականին մեծ թվաքանակով աշխատակիցների անգլերեն լեզվի ուսուցման գործընթաց, որը կֆինանսավորեն միջազգային գործընկեր կազմակերպությունները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը