23 01 2025

Ո՛չ Հայկին, ո՛չ քավորին․ ինչպես լուծվեց ներկուսակցական գզվռտոցը. «Հրապարակ»

Ո՛չ Հայկին, ո՛չ քավորին․ ինչպես լուծվեց ներկուսակցական գզվռտոցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Անտառահատումների վերաբերյալ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի զեկույցը ՔՊ նիստում եւ դրան հաջորդած զարգացումները անհարմար, եթե չասենք` ծիծաղելի վիճակում են դրել Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես հայտնի է՝ իշխող ուժի ակտիվի վերջին նիստերին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը սեփական նախաձեռնությամբ զեկույց է ներկայացրել անտառահատումների, մասնավորապես` Տավուշի մարզի անտառտնտեսություններում տիրող անթույլատրելի վիճակի մասին եւ մեղադրանքներ հնչեցրել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, մարզպետ Հայկ Ղալումյանի հասցեին, որ չեն կարողանում պատշաճ վերահսկողություն իրականացնել կամ էլ՝ անձամբ ներգրավված են փայտի բիզնեսի մեջ եւ թույլ են տալիս անտառներն անխնա հատել` դրանից որոշակի շահ ունենալով։ Նիստերից մեկի ժամանակ կրքերն այնքան են շիկացել, որ մարզպետն ու պատգամավորը քաշքշել են միմյանց։ Ու չնայած քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, կուսակիցների գնահատմամբ՝ ակնհայտ կողմնապահ պահվածք է դրսեւորել՝ Հայկ Սարգսյանին նախատելով, թե` չենք կարող բոլորին դատել, եթե կա խնդիր, ապա առանց էմոցիաների պետք է լուծել` համատեղ առաջարկներով: Ասում են՝ անգամ մերժել է անտառտնտեսություններում իրավական գործընթաց սկսելու Սարգսյանի առաջարկը, իսկ միջադեպից րոպեներ անց հեռացել է կուսակցության գրասենյակից, որտեղ տեղի է ունեցել քննարկումը, որ ստիպված չլինի քաշքշուկին միջամտել: Սակայն հետո, հավանաբար հասկանալով, որ «սիրուն չի» քավորին այդպես անթաքույց պաշտպանելը, որոշել է, այնուամենայնիվ, ինչ-որ բան ձեռնարկել` այնպես անել, որ ե՛ւ «գայլերը կուշտ մնան, ե՛ւ ոչխարները՝ անվնաս»։

Ի դեպ, խոսակցություններ կան, որ Փաշինյանի քավորը, նույն ինքը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ներգրավված է անտառահատումների գործընթացում, եւ պատգամավորի մեղադրանքներն այնքան էլ անհիմն չեն։ Ուստի հաջորդ օրերին ընթացք է տրվել Հայկ Սարգսյանի դիմումին, եւ հունվարի 20-ին Քննչական կոմիտեն մի անհավանական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս, եւ կան կալանավորվածներ, որոնց թվում է Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Գիգոլ Խասիկյանը: Մեզ ասացին, որ ՔՊ-ի քննարկումների ժամանակ Հայկ Սարգսյանը հենց Նոյեմբերյանի անտառտնտեսության մասին է ամենաշատը խոսել։

Հիմա աբսուրդը՝ ՔԿ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ խոսքը մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված անտառահատումների մասին է, թե որ թվականից մինչեւ 2021-ի սեպտեմբերը` չի ասվում։ Բանն այն է, որ քավոր Ղալումյանը մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2021-ի ապրիլին, ասել կուզի, ըստ Քննչականի, նրա նշանակումից ամիսներ անց այլեւս անտառահատումներ չեն իրականացվել. «2025 թվականի հունվարի 15-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենի, երկու անտառապետի եւ վեց անտառապահի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին, որոնք բավարարվել են: 2025 թվականի հունվարի 16-ին երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետեւանք), յոթ անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը):

Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, բացակայելու արգելք եւ գրավ, երկու անձի նկատմամբ՝ պաշտոնավարման կասեցում եւ բացակայելու արգելք, երկու անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք եւ գրավ, երեք անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք։ Նախաքննությունը շարունակվում է»: 

Ի դեպ, տավուշցիներից ոմանք շատ դրական են խոսում Նոյեմբերյանի անտառապետի մասին, որը համակարգում երկարամյա փորձ ունի: Ասում են, որ հայտնաբերված իբր հատված ծառերը քամու հետեւանքով են տապալվել, պարզապես նրան «զոհաբերելով»՝ ընդամենը փորձել են բավարարել պատգամավորի հետաքրքրությունները: Եվ չնայած Հայկ Սարգսյանը հերքում է, սակայն նրա կուսակից ընկերները պնդում են, որ նա «հետաքրքրություններ» ունի այդ ոլորտում, եւ չի բացառվում, որ Նոյեմբերյանի նոր պետ նրա «մարդուն» նշանակեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ