08 05 2019

Վարչապետը փոշմանե՞լ է, թե՞ կան մարդիկ, որ նրա որոշումները չեն կատարում. 168.am

Վարչապետը փոշմանե՞լ է, թե՞ կան մարդիկ, որ նրա որոշումները չեն կատարում. 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «Վարչապետ դառնալուց հետո՝ 2018թ. սեպտեբերին, Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՊՈԱԿ-ների, հիմնադրամների և ԾԻԳ-երի կրճատման մասին:

«Ես վարչապետ եմ դարձել ու տեսել, որ ՀՀ-ում նախարարություններին զուգահեռ՝ կան այլընտրանքային պետական համակարգեր՝ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ, և իրականացնում են այն գործառույթները, որոնք պետք է իրականացնեն նախարարությունները: Եվ այդ մարդիկ ստանում են վարչապետից, նախագահից բարձր աշխատավարձեր, բայց երբ կանչում-հարցնում ենք՝ ի՞նչ եք արել, պարզվում է՝ ոչինչ: Մեր պետական համակարգն ունի էլիտար և ոչ էլիտար մաս, և այդ երկուսին միավորում է մեկ բան՝ երկուսն էլ ոչինչ չեն անում: Պարզապես մի մասը ոչինչ չանելու համար բարձր աշխատավարձ է ստանում, մյուս մասը՝ ցածր: Ես ասում եմ՝ դադարեցնում ենք սա»,- մասնավորապես նշել էր նա։

Այսինքն՝ ասվածից ենթադրվում է, որ, վարչապետի բնորոշմամբ, ոչինչ չանող այդ կառույցները պետք է կրճատվեն բյուջեի խնայողություններ կատարելու համար։

Այսպես, հավանաբար այդ ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը 2019թ. մարտի 21-ին որոշում ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու, ՀՀ գյուղնախարարությանը գործառույթներ վերապահելու և ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

Այդ որոշման 4-րդ կետով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվում էր սույն որոշման 1-ին կետով սահմանված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում՝ հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով, ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին։

Ուշագրավ է, որ Կառավարության  նիստի օրակարգում այս հարցը չզեկուցվող հարցերի շարքում էր։

Ինչևէ, մարտի 21-ից արդեն բավականին ժամանակ է անցել, 15-օրյա ժամկետից 2 անգամ ավելի, սակայն 168.am-ի աղբյուրները փաստում են, որ մինչ օրս այդ հանձնաժողովը ստեղծված չէ, ԾԻԳ-ն աշխատում է նույն կերպ, ինչպես աշխատում էր, մարդիկ շարունակում են ստանալ իրենց՝ 300.000-700.000 դրամի հասնող բարձր աշխատավարձերը՝ ըստ վարչապետի՝ ոչինչ չանելու համար։

Ստացվում է, որ սա հերթական պոպուլիստական հայտարարությունն էր հասարակության ականջների համար, սակայն իրականում վարչապետին ու կառավարությանն այնքան էլ պետք չէր դրանք լուծարելը, այլապես կառավարության որոշումը չկատարելու համար «փռել-ծեփել» օպերացիայի շրջանակներում արդեն իսկ զոհեր կունենայինք։

Մեր աղբյուրների հավաստմամբ, այս ԾԻԳ-ի ևԳյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման կուրացիան շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մտերիմ, ՀՀ Գյուղատնտեսության նախկին նախարար, այժմ՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ