Lurer.com-ը գրում է․ «Սփյուռքի նախկին նախարար, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք իրատեսական է համարում մեծ հայրենադարձություն սկսելու հնարավորությունը, նշել է, որ այս փուլում մեծ հայրենադարձություն սկսելու խնդիր պետությունն իր առջև չի կարող դնել։
«Այսօր մենք կարող ենք խոսել մասնագիտական հայրենադարձության մասին, որի կարևորագույն ազդակներից մեկը «ՆերՈՒԺ» ծրագիրն է, որն ընթացքի մեջ է: Այսօրինակ ծրագրերով, այո՛, ես հավատում եմ, որ կարելի է այս փուլում իրականացնել մասնագիտական հայրենադարձություն, իսկ հետագայի հետ կապված՝ չեմ բացառում, որ կառավարությունն իր օրակարգում կարող է ունենալ նաև մեծ հայրենադարձություն կազմակերպելու հարցը»,- հայտարարել է պատգամավորը:
Նա խուսափեց խոսել ժամկետների մասին՝ նշելով, որ դա պայմանավորված է տարատեսակ բաղադրիչներով:
Ի դեպ, սա այն նույն Մխիթար Հայրապետյանն է, ով նախարար եղած ժամանակ մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ իշխանությունները զանգվածային հայրենադարձություն են նախատեսում, անգամ հազարավոր սփյուռքահայեր հերթ են կանգնել և սպասում են: Իսկ սպասում էին նրանք, ըստ Մխիթար Հայրապետյանի՝ խորհրդարանական ընտրություններին, ավելի ճիշտ կլինի ասել՝ «Իմ քայլի» հաղթանակին:
Հիշում եք, չէ՞, իմքայլականները պնդում էին, որ այդ նույն հաղթանակին են սպասում նաև ներդրողները: Հիմա ինչ է ստացվում, ընտրություններն արդեն անցյալում են, «Իմ քայլը» հաղթել է, սակայն ներդրումային բումն այդպես էլ իրականություն չդարձավ, դեռ մի բան էլ արդեն իրենց տեղը պնդեցրած իշխանավորները հրաժարվում են իրենց՝ նախկինում արած ամպագոռգոռ հայտարարություններից և խոստումներից: Պոպուլիզմը պոզով-պոչո՞վ է լինում…
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը