Ապրիլի 26-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում, տարբեր զորատեսակների ներգրավմամբ, անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նման զորախաղերի անցկացումը նպատակ ուներ բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:
«Մարտական պայմաններին հնարավորինս մոտեցված պայմաններում անցկացված զորախաղերը, որոնցում ներգրավված էին նաև հրետանային առանձին ստորաբաժանումներ և զրահատանկային ուժեր, ցույց են տվել, որ մասնակից անձնակազմն ունի մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն և պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր», նշվում է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը