20 04 2019

Փաշինյանի հերթական մաստեր կլասը՝ երկար խոսել և ոչինչ չասել․ Աշոտյան

Փաշինյանի հերթական մաստեր կլասը՝ երկար խոսել և ոչինչ չասել․ Աշոտյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին։

«Հերթական մաստեր կլասն էր Փաշինյանի  կողմից, երկար խոսել և ոչինչ չասել։ Նա կարծեք թե այդ ասուլիսը հրավիրեց բացառպես սեփական ընկալումների շրջանակում PR անելու համար, ասաց բազմաթիվ հին ու նոր ստեր»,-ասաց Աշոտյանը՝ նշելով, որ ասուլիսի զգալի մասը նվիրված էր Փաշինյանի խոստումների՝ իբր թե կատարմանը։

«Դնում եմ մի կողմ «100 տոկոս կատարել եմ»  ձևակերպումները, որոնք առնվազն կոռեկտ չեն, բայց մի քանի փաստ պարզապես աղաղակող էին։

Փաշինյանն ասում է, որ իր խոստումը կարճ ժամանակում բյուջեն 30-40 տոկոսով ավելացնելու մասին այլեւս իրականություն է դառնում, որովհետեւ 2018-ին բյուջեի եկամտային մասն ավելացել է 10 տոկոսով, իսկ 2019-ին կանխատեսում է մինչեւ 5 տոկոսի ավելացում: Անգամ եթե դա այդպես է, բայց պարզագույն մաթեմատիկան ցույց է տալիս, որ 2 տարվա կտրվածքով 10 եւ 5 տոկոս աճը չի տալիս իր խոստացած 30-40 տոկոսը:

Երկրորդ, բյուջեի եկամտային մասը 2018-ի համար արդեն 2017-ին նախատեսված էին, այսինքն դրանք այսպես թե այնպես պետք է ավելանային: Վստահ եմ, որ եթե չլիներ իշխանափոխություն, պետական բյուջեն էլ ավելի կմեծանար»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտյանի խոսքով՝ հաջորդ սուտը, այսպես ասած, «Սաշիկի արագաչափերն են»:

«Փաշինյանը փորձեց սղացնել եւ խոսեց բացառապես այն մասին, որ հայտարարել է համաներում չմուծված տուգանքների համար մոտ 25 մլն դոլար: Այդ տուգանքները ներվել են բյուջեի, այսինքն մեր եւ ձեր հաշվին: Սակայն այդպես էլ մեզ չբացատրեց, թե ինչու է մինչեւ այսօր օգտագործում «Սաշիկի արագաչափեր» ձեւակերպումը: Արդյոք այս մեկ տարվա մեջ նա կարողացել է ապացուցել, որ այդ արագաչափերը Սաշիկինն էին: Ոչ, ավելին՝ ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատակիցներից մեկն, ով այժմ ԱԺ պատգամավոր է, մի քանի անգամ նշել է, որ այդ արագաչափերը երբեք Սաշիկ Սարգսյանին չեն պատկանել: Հարց է ծագում՝ ինչու է Նիկոլ Փաշինյանը մեր եւ ձեր ականջներին փորձում կախել այս մակարոնը: Ո՞ւր է ապացույցը»,-նշեց ՀՀԿ-ական գործիչը։

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև մարտի մեկի գործին՝  հիշեցնելով, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100-րդ օրվա առիթով անցկացված հանրահավաքին, ասաց՝ «Մարտի 1»-ը բացահայտված է. «Երեկ նա կրկնեց նույն միտքը՝ մի 2 բառ փոխելով: Նա ասաց, որ գրեթե 100 տոկոսով բացահայտված է: Կարող եմ պնդել ու ասել, որ «Մարտի 1»-ը իր ընկալումների, իր հարուցած քրեական գործի շրջանակում բացահայտված չէ, քանի դեռ բացահայտված չեն 10 զոհերի մահվան հանգամանքները եւ մահ հասցրած անձանց ինքնությունները»:

Աշոտյանը պնդում է՝ ՀՀ-ում կան քաղաքական հալածյալներ, մինչդեռ Փաշինյանն իր խոսքում հակառակն է նշել. «Առնվազն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը վկայում է այն մասին, որ Հայաստանում կա քաղաքական մոտիվներով, քաղաքական հիմքով հետապնդվող գործիչ՝ Ռոբերտ Քոչարյանը: Եվ Ռոբերտ Քոչարյանը, իմ ընկալումների մեջ, քաղաքական հալածյալ է: Հետեւաբար վրեժխնդրության եւ քաղաքական համերաշխության մասին խոսելը Փաշինյանի կողմից մանիպուլյացիոն հնարք է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ