Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցում չի տեսնում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ազդեցությունը։
«Կարեն Կարապետյանին մոտիկից անգամ չեմ տեսել: Իր հետ էլ շփվել եմ մի քանի անգամ, աշխատանքային հարցեր ենք քննարկել, և դա այն ժամանակ, երբ նա վարչապետ էր: Միասին քննարկումների ենք մասնակցել»,- ասաց նա:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի աջակցության վերաբերյալ էլ Բաղրամյանը նշեց. «Որ բաջանաղ ենք, այո, բաջանաղ ենք։ Բայց Վանեցյանը, եթե չեմ սխալվում, 18 տարուց ավելի աշխատում է ազգային անվտանգությունում, ես՝ 18-20 տարի էներգահամակարգում։ Վստահեցնում եմ ձեզ՝ ոչ ես եմ օգնել Արթուր Վանեցյանին` նշանակվելու այս կամ այն պաշտոնին, ոչ նա՝ ինձ»:
Գարեգին Բաղրամյանը անդրադառնալով հարցին, թե սահմանին գազի գինի բարձրացումն ինչպե՞ս ստացվեց, որ չի ազդել գազի սակագնի վրա, պատասխանեց.
«Գազի ներկրման գինը բարձրացել է հունվարի 1-ից, քանի դեռ վերջնական սպառողների սակագները չեն բարձրանում, այդ տարբերության փոխհատուցումը ընկերության կողմից է լինում»,- ասաց Բաղրամյանը և հերքեց այն լուրերը, թե պետությունը պարտքեր է կուտակել:
Հարցին` հնարավո՞ր է, որ հավելյալ այդ գումարները վճարվեն տեսուչների կրճատման հաշվին, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, այո, ընկերությունը սկսել է որոշակի օպտիմալացման գործընթացներ, որոնց շրջանակում որոշակի թվով տեսուչներ կարող է կրճատվեն: Ինչ վերաբերում է դիտարկմանը՝ եթե կարելի էր կրճատել, ինչո՞ւ դա առաջ չէին անում, ապա պետք է շարժվեինք օրենքի տառին համապատասխան: Իսկ մինչև 2019-ի հունվարի 1-ը գործում էին Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված միջպետական պայմանագրերը, որոնցով որոշակի սահմանափակումներ էին սահմանված»:
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ վերջերս Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջկառավարական նիստին ձեռք է բերվեց համաձայնություն, որ մինչև հուլիսի 1-ը կներկայացվի համաձայնագրի նախագիծ, որում կներկայացվեն սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը