17 04 2019

Բաց նամակ Արթուր Վանեցյանին

Բաց նամակ Արթուր Վանեցյանին

Անի Կարապետյանը բաց նամակով դիմել է Արթուր Վանեցյանին

«Հարգելի պարոն Վանեցյան.

Օրերս համացանցում, իսկ ավելի կոնկրետ՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, հրապարակվեց 159 հոգիանոց մի ցուցակ, որում նշված էին գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի գործունեությունը քննադատողների անուն-ազգանուններ: Ցուցակը գլխավորում էի ես՝ Անի Կարապետյանս, և ես ճանաչում եմ ցուցակում ներգրավված այլ անձանց ևս, ովքեր հանդես են գալիս իշխանության հրապարակային քննադատությամբ և չեն կիսում Փաշինյանի սկզբունքները:

Մի կողմ թողնելով փաստը, որ այդ ցուցակը կազմվել է բացասական երանգով՝ <<ճանաչենք ագզի թշնամիներին>> թաքնված խորագրով, շեշտեմ, որ տարիներ առաջ Ուկրաինայում այսպես կոչված հեղափոխությունից՝ Մայդանից հետո, նույնպես գրվեց մի ցուցակ, որում զետեղված անձանց մեծամասնությունը հետագա ամիսներին սպանվեց:

Ենթադրում եմ, որ մենք բոլորս ապրում ենք իրավական երկրում, որտեղ ՊԵՏՔ Է պաշտպանվեն մարդու իրավունքները, խոսքի և խղճի ազատությունը:

Այսօր ներքաղաքական լարվածությունը հասել է այն աստիճանի, որ ցանկացած ընդդիմադիր խոսք, ցանկացած տարբերվող կարծիք ենթարկվում է հայհոյանքի, սպառնալիքի, հալածանքի, և նշված ցուցակը էլ ավելի խորացնում է հասարակության մեջ առկա անջրպետն ու հիմքեր ստեղծում հետագա հանցագործությունների և ամենաթողության համար:

Կոչ եմ անում Ձեզ, ով ի պաշտոնե կոչված է պահպանելու ազգային անվտանգությունը, զբաղվել այդ ցուցակագրության խնդրով և պաշտպանել բոլորիս իրավունքները: Այնպես, ինչպես տրասգենդերն ու աղանդավորն է մարդ, այնպես էլ ընդդիմադիրն է մարդ, եթե չասեմ՝ ավելի արժեքավոր:

Նշեմ, որ 2018-ի հեղափոխությունից հետո բազմաթիվ քաղաքական գործիչների նկարների մոտ դագաղներ են նկարվել, բազմաթիվ բռնության կոչեր են հնչել, մասսայական ատելություն է տարածվել, ընդդիմադիր հայացքների տեր անձին փորձել են նետել աղբամանը /տեխնոլոգիա, որ կիրառվել է նաև նույն Ուկրաինայում/:Ուստի խնդրում եմ վերցնել իրավիճակը Ձեր ղեկավարած կառույցի հսկողության տակ, քանի որ սա իսկապես ազգային անվտանգության հարց է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ