Zham.am-ը գրում է․ «Փաշինյանին պատկանող լրատվամիջոցը մի խմբագրականով է հանդես եկել, որտեղ հարցադրում է անում, թե ի՞նչ խաղի կանոններով պիտի շարժվեն քարոզչական դաշտի հիմնական խաղացողները, որպեսզի, կողմերից որևէ մեկն «իր վերջին խոսքը» չասի, քանի որ, «...խոսքը թշնամո՛ւ դեմ պատերազմում միջոցների միջև խտրականություն չդնելու մասին է, իսկ մեր դեպքում դիմացինի մեջ անպայման մահացու թշնամի տեսնելն անթույլատրելի է...»,- եզրակացնում է պարբերականը:
Այնուհետև օրինակներ է բերում, թե ինչպիսին պետք է լինի այս կամ այն հարցի վերաբերյալ մոտեցումը, որպեսզի ձևավորվի գոնե մինիմալ ընդհանուր հայտարար: Ինչ խոսք, այս խմբագրականի մոտեցումը ճիշտ է, սակայն մեթոդաբանությունն է սխալ: Վերցնենք հենց իրենց բերած օրինակներով: Խմբագրականը, բնականաբար կոնկրետ բերել է Քոչարյանի և Ծառուկյանի վերաբերյալ մոտեցումները: Անկեղծ ասած, պարբերականի բերած օրինակները, ըստ Ֆրեյդի, հասկանալի են, ինչը ցույց է տալիս, թե որոնք են Փաշինյանի համար առավել ցավոտ կետերը: Բայց դա արդեն առանձին այլ խնդիր է:
Եվ այսպես, պարբերականը զարմանք է հայտնում, թե ինչպես է փոխվել Քոչարյանի նկատմամբ հանրային վերաբերմունքը՝ նշելով բառացի հետևյալը «...Այդ մարդը տասը տարի զբաղեցրել է Հայաստանի նախագահի պաշտոնը (լեգիտիմության խնդիրը դեռ մի կողմ թողնենք), այդ ընթացքում պաշտոնապես բիզնեսով չի զբաղվել, պաշտոնանկությունից հետո պարզվել է, որ նրա ընտանիքի անդամները մուլտիմիլիոնատերեր են, ինքն էլ տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսում աֆրիկյան սավաննաներում որսով զբաղվելու վրա։ Ընդ որում՝ նրա պաշտոնավարման տարիներին բոլորը համոզված էին, որ ապօրինի հարստացումը, վաղ, թե ուշ պատժվելու է։ Հիմա այդ «վաղ, թե ուշ»-ը եկել է։ Այո, գոյություն ունի անմեղության կանխավարկած, այո, ցանկացած հանցագործություն պիտի հիմնավորվի անհերքելի ապացույցներով, հակառակ դեպքում անձին պատասխանատվության ենթարկել չի կարելի, բայց բանն այնտեղ է հասել, որ Հայաստանում այսօր լրջորեն քննարկվում է՝ այդ մարդը հանցագո՞րծ է, թե՞ բյուրեղյա ազնվությամբ քաղհալածյալ։ Իրականում նման քննարկում չպիտի լիներ, պիտի այլ հարց քննարկվեր՝ լա՞վ են աշխատում իրավապահները, թե՞ վատ (եթե չեն կարողանում անհերքելի ապացույցներ ներկայացնել)...»,- վերջում զարմանում է պարբերականը։
Անկասկած, Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի մտածելու, որ Ռոբերտ Քոչարյանը 4 մլրդ դոլար ունի, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը իրեն է պատկանում, որ Հայաստանի բանկերի մեծ մասը նույնպես իրենն է: Արամ Հարությունյանն էլ, օրինակ, իրավունք ունի մտածելու, որ ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանը 5 մլրդ դոլարի տեր է, որ իր եղբորն էր ժամանակին պատկանում այն ժամանակվա երկրի տնտեսության ուղիղ կեսը: Հմայակ Հովհաննիսյանն էլ կարող էր համոզված լինել, որ, օրինակ, Սերժ Սարգսյանի ժամանակ երկրի կեսը իր եղբորը՝ Սաշիկին էրպատկանում: Իսկ, օրինակ Նարեկ Մալյանն էլ կարող է համոզված լինել, որ միլիարդատեր է դարձել անձամբ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Խաչատրյանից, Սամվել Ալեքսանյանից և հանրությանը հայտնի մյուս դեմքերից գաղտնի, ստվերային գումարներ հավաքելով:
Սրանք, այսօր այն հայտնի միֆերն են, որոնք տարածված են հանրության մեջ: Հանրության մի մասը մի միֆին է հավատում, իսկ մյուս մասը՝մյուսին:
Բայց կոնկրետ պրակտիկ քայլերի դեպքում պետք է շարժվել օրենքով: Ռոբերտ Քոչարյան իր ժամանակ հրաժարվեց ուսումնասիրել Տեր-Պետրոսյանի վերաբերյալ միֆերը, Սերժ Սարգսյանը՝ նույնպես: Նիկոլ Փաշինյանին այսօր հետաքրքիր է բացառապես Քոչարյանի շուրջ միֆերի ստուգումը, մյուսների գործը նրան հետաքրքիր չէ: Ինչը հասկանալի է, և դա նրա գործն է: Ավելին, դա նույնիսկ ողջունելի է, քանի որ դա մարդկային չէր լինի, շատ հասկանալի պատճառներով...: Բայց դա այլ խնդիր է:
Փաշինյանը ստուգում է այն մարդու գործը, որին համարում է իր թշնամին և որին որևէ հարցում պարտական չէ: Դա հասկանալի է, բայց դա պետք է իրականացնի բացառապես իրավական ճանապարհով:
Նույնիսկ ադրբեջանցիները հայերի հետ հակամարտության մեջ լինելով՝ չեն ուզում այրել բոլոր ճանապարհները: Քանի որ հասկանում են, որ բոլոր կամուրջները այրել չի կարելի: Նյուտոնի 3-րդ օրենքի համաձայն՝ «ուժը ծնում է հակաուժ և փորձում է պահպանել հավասարակշռության բալանսը»: Նշենք, որ դա բնության օրենք է և գործում է ամենուրեք:
Իմիջիայլոց ,անկախ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի և Փաշինյանի հանդեպ վերաբերմունքից՝ բերենք ընդամենը մի կարճ տեղեկանք:
1990 թվականին Խորհրդային Հայաստանի ՀՆԱ-ն, տարբեր հաշվարկներով, տատանվում էր 25-30 մլրդ դոլարի սահմաններում: 1998 թ-ին այն դարձել էր...2 մլրդ դոլարի չափի: Անշուշտ, այստեղ իր դերն էր կատարել և պատերազմը, և ԽՍՀՄ-ի փլուզումը, և շրջափակումը: Բայց արդյո՞ք Հայկազ Ղահրյանի լրատվամիջոցում նախկինում աշխատած լրագրող Փաշինյանը կարծում է, որ այս ամենը պայմանավորված էր բացառապես օբյեկտիվ հանգամանքներով, իհարկե, ոչ: Եվ դա շատ լավ գիտի Փաշինյանը:
1998 թ-ից, երբ Քոչարյանը ստանձնեց նախագահի պաշտոնը, 10 տարվա ընթացքում երկրի տնտեսության ՀՆԱ-ն 2 մլրդ-ից աճեց մինչև...12 մլրդ դոլարի:Այսինքն, աճեց 6 անգամ: Երկրի բյուջեն 400 մլն դոլարից դարձավ ...2,5 մլրդ դոլար, այսինքն, աճեց ավելի քան 6 անգամ: Սա էր այն ժամանակվա իսկական տնտեսական հեղափոխությունը, որի մասին այսօր խոսում է Փաշինյանը: 2008 թ-ից մինչև 2018 թվականը երկրի տնտեսության ՀՆԱ-ն և բյուջեն մնացին նույնը: Իսկ պետական պարտքը մեծացավ ավելի քան 4 մլրդ դոլարով:
Սրանք այն չոր փաստերն են, որ անկախ Նիկոլ Փաշինյանի, Արամ Հարությունյանի, Հմայակ Հովհաննիսյանի և Նարեկ Մալյանի սուբյեկտիվ կողմնորոշումներից հուշում են, թե ով ով է եղել և ով ինչպես է զարգացրել երկիրը այս 30 տարիների ընթացքում:
Անկասկած, այդ ընթացքում եղել են և չարաշահումներ, և խայտառակ երևույթներ, և կեղծիքներ:
Բայց չի կարելի 96 թ-ի տանկերը չնկատել, իսկ 2008 թ-ի տանկերը մտցնել մարդկանց աչքերը: Մարդիկ, կներեք ավանակ չեն, որ չհասկանան, թե ինչի համար է այս ամենը կատարվում:
Եվ այդ տեսանկյունից խոսել օբյեկտիվ մոտեցման մասին, մեղմ ասած, ծիծաղելի է:
Եթե Փաշինյանն ուզում է «բացել 2008 թ-ը», ապա պետք է սկսի 96 թ-ից, հետո անցնի հոկտեմբերի 27-ով և սահուն մտնի 2008 թվական:
Բայց այդ ճանապարհը բռնելով, դժվար թե, Փաշինյանը կարողանա դուրս գալ երկրի պատմական կնճիռներից: Քանի որ այդ ճանապարհին երկիրը կպառակտվի 15 մասի: Այսօր արդեն Հայաստանի բոլոր գյուղերում ընթանում է պառակտման աննախադեպ գործընթաց: Ի դեպ, կա տեսակետ, որ սա ծրագրավորված գործընթաց է, որը թելադրվում է մեկ հայտնի կենտրոնից: Ավելին, կա նաև ավելի արմատական տեսակետ, որ դա ուղղորդվում է դրսից՝ ներկայիս իշխանությունների օժանդակությամբ: Մենք այդ տեսակետը չենք կիսում, բայց այդ տեսակետը տարածվում է սրընթաց ձևով:
Այսօր արդեն մենք ունենք սուպեր պառակտված հասարակություն: Հռետորական հարց, այս պայմաններում հնարավո՞ր է իրականացնել տնտեսական հեղափոխություն, իհարկե, ոչ: Հնարավո՞ր է միասնական մոտեցում ունենալ գոնե մի քանի խնդիրների շուրջ: Արդեն խիստ կասկածելի է:
Վերջում վերը նշված պարբերականն այն եզրահանգմանն է գալիս, որ «...Միասնություն, իհարկե, պետք է։ Բայց առաջին հերթին պետք է միասնաբար որոշենք՝ կամ համաներման սկզբունքով մոռանում ենք անցյալում կատարված հանցագործությունները և մեկառմիշտ փակում այդ թեման, կամ բացահայտում ենք ամեն ինչ՝ առանց ընտրանքային մոտեցման։ Սա է ներհասարակական համերաշխության միակ ճանապարհը»:
Փաշինյանական այս խմբագրականի եզրահանգման հետ չի կարելի չհամաձայնվել: Կամ նոր էջ պետք է բացել մեր երկրի պատմության մեջ՝ քաղաքական գնահատական տալով անցած 30 տարվա պատմությանը՝ ներկայացնելով , թե դրական, և թե բացասական երևույթները: Կամ էլ պետք է սկսել Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Ղանդիլյանի, Վարդգես Պետրոսյանի սպանություններով, անցնել 1995 թ-ի կեղծված ընտրությունով, հետո 1996 թ-ի խայտառակությունով, հետո 1998 թ-ի փաստացի հեղաշրջումով, հետո հոկտեմբերի 27-ով, հետո 2008-ի մարտով, որտեղ սպանվեցին 10 մարդ և մի քանի հարյուր վիրավորներ ունեցանք և այդ չափ պառակտումներից հետո, սպասենք, թե երբ է ադրբեջանական բանակը սթափեցնելու մեզ ռազմաճակատում:
Բոլոր այս դեպքերը պետք է փակվեն, դառնան պատմություն: Հոկտեմբերի 27-ը, որպես բացառություն, առանց մեծ աղմուկի պետք է բաց թողնել, զուտ երկրի անվտանգության տեսանկյունից ուսումնասիրելու համար:
Որ՞ը կլինի Փաշինյանի ընտրությունը, պարզ կդառնա մոտ ժամանակներս: Այսօր ժամանակն աշխատում է Փաշինյանի դեմ և եթե նա այս հարցում հապաղի, ապա այն անդառնալի կլինի իր իշխանության հետագա ճակատագրի տեսանկյունից:
Սա է իրականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը