15 04 2019

«Թավշյա հեղափոխության» արյունոտ դեմքը. 7or.am

«Թավշյա հեղափոխության» արյունոտ դեմքը. 7or.am

7or.am-ը գրում է. «Եթե բեմի վրա ինչ–որ տեղ հրացան է երևում, ապա այն անպայման պետք է կրակի։ Սա դասականի ձևակերպումն է, որը տեղայնացնելով՝ կարող ենք ասել, որ եթե երկրում ատելության ու թշնամանքի մթնոլորտ է ձևավորվում իշխանության ամենավերին օղակից, ապա մի օր պետք է արյուն թափվի։ Ու թափվեց։

Զարթոնք համայնքում տեղի ունեցածը «թավշյա հեղափոխության» ուղղակի հետևանքն է։ Ավելի կոնկրետ՝ ատելության քարոզի ու քաոսի խրախուսման հետևանք։

Խնդիր է դրվել «քայլեցնել» նաև համայնքները։ Մոնոլիտ իշխանական բուրգ է կառուցվում։ Համայնքները ՔՊ–ացվում են։ Կառուցվում է բուրգ, որը նախորդից շատ ավելի այլասերված է լինելու, գումարած ոչ կոմպետենտությունը։

Զարթոնքը միակը չէ ու միակը չի լինելու։ Սա, ի դեպ, հիշեցնում է Շոլոխովի «Խաղաղ Դոնում» նկարագրված պատկերը, երբ բոլշևիկյան իշխանությունները փոքրիկ ու համերաշխ ապրող գյուղում ատելություն քարոզեցին և նույն ընտանիքի անդամներին հանեցին իրար դեմ՝ գյուղի կառավարումը հանձնելով անգրագետ ու մարտնչող երիտբոլշևիկներին։

Ներքին արյունահեղությունը խրախուսելը գործող իշխանությունների միակ տարբերակն է։ Ճիշտ է, զուտ ձևականորեն նրանք դեմ են արտահայտվում, բայց իրականում օժանդակում են, որպեսզի ամեն տեղ բռնկումներ լինեն։

«Ներքևում» որքան շատ իրար ատեն ու իրար դեմ պայքարեն, այնքան «վերևում»  հանգիստ կնստեն տեղներն ու զրոյական պատասխանատվությամբ կկառուցեն «ազատ և երջանիկ Հայաստան»։

Նախորդ տարվա ապրիլին սիրո և համերաշխության կոչեր հնչեցնող «թավշյա» տղաներն ու աղջիկները հանրությունը բաժանել են սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, մինչև 44 տարեկանների ու 44–ից բարձր տարիք ունեցողների, իշխանությանը պաշտպանող ֆեյքերի ու իշխանության դեմ գրող ֆեյքերի...

Հաշվարկը շատ պարզ է. եթե բոլորը բոլորին մեղադրեն, ու բոլորը բոլորի հետ թշնամանան, ապա իշխանությունը կարող է մնալ անհասանելի «հպարտ քաղաքացիների» համար։ Իսկ դա աթոռ պահելու լավագույն տարբերակն է։ Ըստ իրենց։

Բայց մի բան է պլանավորելը, մեկ այլ բան՝ իրական կյանքը։ Ամեն մեկին թվում է, թե դա իր հետ չի պատահի։ Բումերանգի էֆեկտը, սակայն, անվրեպ է գործում քաղաքականության մեջ։ Քամի տարածողը փոթորիկ է ստանալու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ