12 04 2019

Հարկային օրենսգրքի փաթեթը չունի տնտեսական հեղափոխության նախադրյալներ․պատգամավոր

Հարկային օրենսգրքի փաթեթը չունի տնտեսական հեղափոխության նախադրյալներ․պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Հարկային օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթի վերաբերյալ գրառում է կատարել և ներկայացրել իր առաջարկները։

«Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը ցավոք չունի տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ նախադրյալները, և այն ընդամենը փոքր հնարավորություն է տալու ունենալ որոշակի դրական տեղաշարժեր տնտեսության մեջ:

Կարևորելով ամբողջովին նոր Հարկային օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը, պետք է արձանագրել, որ ներկայացված նախագծում առկա են որոշ դրական փոփոխություններ, սակայն առկա են նաև մտահոգիչ դրույթներ, որոնք լրացուցիչ խնդիրներ են ստեղծելու տնտեսության համար, aյդ խնդիրներին լուծում տալու համար, կառավարությանն առաջարկում եմ իր ներկայացրած հարկային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

• Միկրոձեռնարկատիրական համակարգի տարածում Երևանում առևտրով զբաղվողների վրա, որը որպես բացառություն է նշված նախագծով:

• Հանրային սննդի ոլորտի կողմից այլ գործունեությամբ զբաղվելու դեպքում 20% հարկի չեղարկում՝ այլ գործունեությունը հանրային սննդի փաստացի գործունեության վայրում իրականացնելու դեպքում:

Ակցիազային հարկի տարեկան 4% բարձրացման վերացում, որը բերելու է մի շարք ապրանքների գների բարձրացման: 

• Գինեգործության ոլորտի խրախուսման նպատակով՝ գինու ակցիզային հարկի կիսով չափ կրճատում: 

• Ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների պետական տուրքի բարձրացման քննարկում նախագծի շրջանակներից դուրս` որպես ԿԲ նախաձեռնություն:

Վերոնշյալ առաջարկների արդյունքում բյուջետային հնարավոր կորուստների ծածկման համար առաջարկում եմ դիտարկել՝

- Անշարժ գույքի հարկի որոշակի ավելացում 40 մլն դրամից ավել կադաստրային արժեք ունեցող գույքերի համար:

- Վիճակախաղերի, շահումով խաղերի պետական տուրքի ավելի բարձրացում առաջարկվող 20%-ի փոխարեն:

Այս առաջարկների ընդունումը հնարավորություն կտա առանց էական խոչընդոտների որոշակի ակտիվություն ապահովել տնտեսությունում՝ չվնասելով բյուջետային եկամուտների հավաքագրմանը:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է արդեն այսօր ակտիվորեն սկսելով նոր Հարկային օրենսգրքի մշակումը, առանց որի անհնար է ակնկալել լուրջ տնտեսական զարգացում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ