Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ Տեխասից սենատոր, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Թեդ Քրուզը Սենատում ներկայացրել են երկկուսակցական բանաձեւ, որով ճանաչվում եւ դատապարտվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։
Բանաձեւին կողմ է եղել 14 սենատոր։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ԱՀԱԿ)։
ԱՀԱԿ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել սենատորներին՝ նշելով, որ այդ բանաձեւը վերջնակետի կհասցնի Ցեղասպանության միտումնավոր ժխտումը։
Մենենդեսի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը քննարկման ենթակա չէ։
«Միայն Ցեղասպանության փաստի ճանաչումից հետո մենք կկարողանանք հույս ունենալ, որ ապագայում նման երեւույթները կկանխվեն»,- ասել է սենատորը։
Նշենք, որ ապրիլի 9-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը եւ Գաս Բիլիրակիսը ներկայացրել էին նոր բանաձեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։
Բանաձեւին կողմ է եղել ԱՄՆ 70 կոնգրեսական, առաջարկվել է մտցնել մի շարք նոր դրույթներ Վաշինգտոնի քաղաքականությունում, ներառյալ այն միջոցները, որոնք ուղղված կլինեն Հայոց ցեղասպանության ճանաչման որոշակի քայլերի իրականացմանը։
Հեղինակները կոչ են անում ԱՄՆ իշխանություններին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կասեցնել հանցագործությունը ժխտելու փորձերը եւ գիտակցել Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման անհրաժեշտությունն այն բանի համար, որպեսզի ապագայում կանխվեն նման երեւույթները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը