«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի թեմային՝ նշելով, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կա՛մ պետք է հրապարակի իր կողմից հայտարարված հրավերը, կա՛մ պետք է ներողություն խնդրի:
Զոհրաբյանն ասաց, որ փորձում են անպարկեշտ կերպով մանիպուլյացիաներ անել, թե «Իրավունքի կողմ» ՀԿ անդամ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ինքն է հրավիրել Ազգային ժողով։ ԲՀԿ պատգամավորը դա որակում է «լկտի և անամոթ սուտ»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խորհրդարանի անվտանգությունը պահանջել է հանձնաժողովից տալ այն ՀԿ-ների անունները, որոնք պետք է մուտք գործեն ԱԺ շենք: Մասնակցության ցանկություն ունեցող ՀԿ-ների թիվը 40 է եղել։
Պատգամավորը խնդրել է Ալեն Սիմոնյանին հրապարակել Լիլիթ Մարտիրոսյանին ուղղված հրավերը, ապա նշել, որ նման բան չի կարող հրապարակել, քանի որ այդպիսի հրավեր գոյություն չունի:
«Մենք չէինք կարող այն ՀԿ-ներին, որոնք ցանկացել են մասնակցել լսումներին, ԴՆԹ անալիզ անցկացնել, կամ հարցնել` հնարավոր է շեղվեն օրակարգից : Ինձ համար շոկ էր, որ ամբոնին մոտեցավ նշյալ անձնավարությունը և խոսեց օրակարգից դուրս»,- ասաց նա՝ հավելելով, որ իրեն օրենքով թույլատրված էր անջատել խոսափողը, սակայն քանի որ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է, իրեն թույլ չի տվել անել դա:
«Այն, ինչ տեղի ունեցավ, համարում եմ անարգանք ԱԺ-ի հասցեին, համարում եմ սաբոտաժ դահլիճում ներկա մի քանի ՀԿ-ների կողմից»,- ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը