Փաշինյան-Ալիև հանդիպումը կարելի էր գնահատել որպես բանակցություններ, քանի որ առաջին հանդիպումն էր եռանախագահների միջնորդությամբ և մասամբ մասնակցությամբ: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը:
Նրա ենթադրությամբ՝ Փաշինյանը-Ալիևը առանձնազրույցի ժամանակ կողմերը իրենց դիրքորոշումն են հայտել և խոսել մադրիդյան սկզբունքների հունի մասին:
«Հանդիպումը գնահատվեց որպես դրական, կառուցողական, թեև դժվար է որոշել, թե ինչն է կառուցողական, դրական, բայց ցանկացած հանդիպում ավելի լավ է՝ անգամ ոչ արդյունավետ, քան չհանդիպելը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին ընդգծելուն, Արա Պապյանը նշեց, որ ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան դեմ է, և առանց Ադրբեջանի համաձայնության դա չի կարող լինել, իսկ այն ձևաչափին, որը Ադրբեջանը կցանականա, մենք դեմ կլինենք:
«Ես ակնկալիքներ չունեմ, երբևէ մեծ ակնկալիքներ չեմ ունեցել, ես լավատես չեմ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, և պետք է հրաժարվել դրանցից ու այլ սկզբունքներ առաջադրել: Արցախի մասնակցության մասին նախկին իշխանություններն էլ են խոսել, Փաշինյանը ավելի հստակ, հաստատակամ է ասում, բայց հարցն այն է, որ ձևաչափի փոփոխություն, իսկ դա այնուհանդերձ ձևաչափի լողունություն է, չի կարող լինել: Ես չեմ հավատում, որ երբևէ Ադրբեջանը համաձայնի որպես հավասարազոր կողմ բանակցություններում ներգրավվել Արցախը»,-ասաց նա:
Արա Պապյանը նկատեց, որ խորամանկություն կա այն պնդման մեջ, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, քանի որ վերադարձի մասին խոսք չի կարող լինել, որովհետև երբևէ Արցախը մասնակցության կողմ չի եղել:
«Մենք գնացինք հանդիպման ավելի կառուցողական երևալու համար: Վստահ եմ, որ Ալիևը իր դիրքորոշումը կոշտացնելու է մյուս հանդիմանը, և իր խնդիրն էր գնալ հանդիպման՝ առանց անդրադառնալու նախկին պայմանավորվածություններին: Ըստ էության, ինքը մարսել է «2016 թվականը»,-ասաց նա և նկատեց, որ Ադրբեջանի հասարակությունում հայատյացությունը մեծացել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը