25 03 2019

Կրկին մանիպուլյացիա․ Աննա Հակոբյանը թաքցրել է ճշմարտությունը. Politik.am

Կրկին մանիպուլյացիա․ Աննա Հակոբյանը թաքցրել է ճշմարտությունը. Politik.am

Politik.am-ը գրում է․ «Շաբաթներ առաջ Politik.am-ը հրապարակել էր մի հետաքննություն, որով բացահայտել էր վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիա, որի մասին հայտարարաված չի եղել, ավելին՝ Աննա Հակոբյանը չի եղել պաշտոնական պատվիրակության կազմում։ Մեր հրապարակումից միայն օրեր անց Աննա Հակոբյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ժամանակ հայտարարեց․«Իրականությունը հետևյալն է՝ եղել եմ Դավոսում, ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից՝ ուղեկցել իմ ամուսնուն ֆորումի շրջանակներում, բայց ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով չկարողացա մասնակցել: Ինչպես տեսել եք լրատվությունից և վիդեոներից՝ ես ֆորումում չեմ հայտնվել: Դրանից ելնելով՝ ինձ թվում էր, քանի որ կար պաշտոնական հրավեր և ես այնտեղ էի ու չգնացի, կոռեկտ չի լինի ասել, որ գնացել եմ ֆորումին ու չեմ մասնակցել»։

Իրականում Աննա Հակոբյանը այդ ասուլիսի ժամանակ կրկին մանիպուլյացիայի փորձ է արել։ Նա, իհարկե, մեկնել է Շվեյցարիա, բայց ոչ Դավոսի տնտեսական ֆորումի կազմակերպիչների կողմից հրավերով։ Այս մասին կարելի է  իմանալ շատ պարզ եղանակով։ Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը հնարավորություն է տալիս ճշտել, թե որ երկրից քանի հրավիրված է եղել, նրանցից քանիսն են կին և քանիսը՝ տղամարդ։

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Հայաստանից հրավիրված է եղել մեկ անձ, և այդ անձը արական սեռի է եղել։ Այս դեպքում խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է։ Աննա Հակոբյանը պաշտոնապես հրավիրված չի եղել Շվեյցարիա, և այդ մասին իր հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Շվեյցարիա այցից հետո տեղի ունեցած մեկ այլ այց ավելորդ անգամ եկավ ապացուցելու Աննա Հակոբյանի այցերի իրական մոտիվացիան։ Ինչպես հայտնի է, Բրյուսել կատարած այցի ժամանակ Աննա Հակոբյանն ու իր դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ուղեկցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, չնայած այն հանգամանքին, որ չեն եղել պաշտոնական պատվիրակության կազմում։ Այս այցի մասով Աննա Հակոբյանը հայտարարել էր․«Մեկնել եմ, որովհետև նման այցերը, երբ ես պատվիրակության կազմում չեմ, բայց կարող եմ ուղեկցել իմ ամուսնուն, միակ հնարավորությունն են, որպեսզի մենք շփվենք միմյանց հետ։ Ինչո՞ւ է դա միակ հնարավորությունը, որովհետև ամուսինս աշխատանքի է գնում, տանից դուրս է գալիս ամեն օր առավոտյան 7։30, վերադառնում է  լավագույն դեպքում 9։30-10։30 կամ ավելի ուշ։ Եթե նույնիսկ 9։30 է վերադառնում, փակվում է աշխատասենյակում ու շարունակում է աշխատել։ Ստացվում է՝ ուղղակի մենք շաբաթներով չենք շփվում, և դա փաստ է»։

Ստացվում է, որ Շվեյցարաի գնալիս ևս նա պաշտոնական հրավեր չի ունեցել, և միակ մոտիվացիան ամուսնու հետ ժամանակ անցկացնելն է եղել։ Միայն թե Աննա Հակոբյանը այդ անգամ այնքան քաջություն չի ունեցել, որպեսզի ասուլիսի ժամանակ խոսի իրական մոտիվացիայի մասին։

Հ․Գ․ Մեզ համար սա Աննա Հակոբյանի՝ Շվեյցարիա կատարած այցի մասին վերջին հրապարակումն էր։ Մեր նպատակն էր ցույց տալ ֆեյք նյուզի դեմ «պայքարող» իշխանականններին, որ հենց  իրենք ենք ֆեյք նյուզի հիմնական աղբյուրը, ու չպետք է փորձել իրենց «մեղքերի» համար սահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ