Իսրայելի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի Գոլանի բարձունքներն Իսրայելական տարածք ճանաչող փաստաթուղթը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա գրել է․
«Մինսկի խմբի համանախագահներն են` ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: Մինսկի խումբը գործում է հելսինկյան սկզբունքների, մասնավորապես տարածքների ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման վրա:
Թրամփը ասել է, որ Գոլանի բարձունքները պետք է ճանաչել որպես Իսրայելի մաս: Գոլանը, ինչպես Արցախը, Իսրայելի տարածքում է հայտնվել պատերազմի արդյունքում, մի տարբերությամբ, այնտեղ մինչ պատերազմը հրեաներ չէին ապրում, ի տարբերություն Արցախի, որտեղ հայեր էին ապրում:
Հիմա գանք մեկնաբանությանը, ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Գոլանի ճանաչելը որպես Իսրայելի մաս, ամբողջությամբ համապատասխանում է տեղում ստեղծված իրավիճակին և տեղում ստեղծված փաստին»:
Դե Թրամփն էլ իր անձնական փաստը ունի ու ստիպված հաշվի է նստում Գոլանի փաստի հետ:
Ռուսատանը Ղրիմի միացումը նույնպես համարում է ստեղծված իրավիճակից դուրս եկող փաստ: Ռուսաստանը չի ճանաչում Գոլանում ստեղծված փաստը, ԱՄՆ-ն` Ղրիմում: Հիմա դա առևտրի խնդիր է, իրար վրա այդ փաստերը պետք է ծախեն: Դա պրոցես է:
Հիմա գանք Արցախում ստեղծված փաստին: Պարզ է, որ «սկզբունքները» մեկնաբանությունից են կախված և` շահերից, մի բան ծախում ես, մի բան` առնում: Բայց մեկնաբանության տվյալ փաստը հետաքրքիր գործիք է, կարելի է դրանց վրա հենվել:
ԱՄՆ-ն և Ռուսաստանը առնել-ծախելու գործում են խորացել, Ֆրանսիան էլ իր առևտուրն ունի աշխարհի տարբեր անկյուններում: Շուկային պետք է մասնակցել: Հույս ունեմ, որ մենք մեր առևտրական ջիղը վերջնականապես դեռ չենք կորցրել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը