Politik.am-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքն է հարցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչած որոշ հայտարարությունների վերաբերյալ:
«Մեր պետական կառավարման համակարգում չկա որեւէ պաշտոնյա, որը ձախողել է, ուրիշ բան է, որ արագության խնդիր կա։ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին շրջանում մենք անընդհատ տեսնում ենք, որ ամենօրյա ռեժիմով ինչ-որ հարցի շուրջ բողոքի ակցիաներ են լինում: Նիկոլ Փաշինյանի խնդիրն այն էր, որ փորձի ցույց տալ, որ ամեն ինչ իրականում հանգիստ է և վերահսկողության տակ է, ամեն ինչ ըստ պլանի է գնում: Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը երբեք անկախության մեջ այսքան կայուն չի եղել».-ասում է Հակոբյանը:
Ըստ Հակոբյանի՝ հայտարարությունների հիմնական ենթատեքտն այն էր, որ նման հոռետեսական տրամադրություններ ձևավորվում են նախկին իշխանությունները.«Այսինքն՝ նորից բերվում է հակառակորդի կերպարը: Փաշինյանն ուզում էր ասել՝ սա ոչ թե բնականոն պրոցես է, որ տրամադրություններ են ստեղծվում, որ երկրում նորմալ չէ վիճակը, այլ ընդամենը «բզբզողներ» կան»:
Անդրադառնալով վարչապետի այն մտքին, թե «Եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, ես վստահ եմ, որ «Իմ քայլը» դաշինքը կհաղթի, գուցե՝ ավեի բարձր ցուցանիշներով», Վիգեն Հակոբյանն ասել է․
«Իրավիճակը մոտավորապես այսպսին է՝ էյֆորիան զգալիորեն նվազել է, եթե չասենք՝ ավարտին է մոտեցել: Պարզ է, որ իշխանության վարկանիշը զգալիորեն նվազել է, օրինակ, դեկտեմբերի համեմատ: Համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ եթե ընտրություններն այժմ լինեին, իրենք էլի մեծամասնություն կունենային, բայց չեմ կիսում իր օպտիմիզմը, որ ավելի շատ ձայն կստանային, քան դեկտեմբերի 9-ի ընտրություններում, ինչպես ինքն էր պնդում: Մեծամասնությունն էլի իրենք կվերցնեին, նաև այն պատճառով, որ չկան ռեալ այլընտրանքներ, այս պահին գոնե: Եթե ընտրությունը միայն հնի և նորի միջև է, հանրությունը կընտրի նորին»:
Հարցին, թե դա՞ էր պատճառը, որ ընտրությունները մայիսի փոխարեն, ինչպես նախապես էր քննարկվում, տեղի ունեցան դեկտեմբերին, Վիգեն Հակոբյանը պատասխանել է․ «Դժվար չէր վերլուծել, որ ժամանակը, այնուամենայնիվ աշխատում է գործող իշխանությունների դեմ, դրա համար էլ մայիսի փոխարեն արեցին այն պահին, երբ ռեյտինգային պիկն էր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը