«Մեկ Հայաստան» կուսակցության հանձնախումբը հայտարարություն է տարածել առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման իրավաչափության վերաբերյալ:
«ՀՀ իշխանությունների կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգը, որի նպատակն մշակել և ներդնել սույն ինստիտուտը ՀՀ իրավական համակարգում:
Հայեցակարգը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն` համապատասխան նոր իրավական ակտերի և գործող օրենսդրական ակտերում փոփոխությունների և լրացումների մշակման նպատակով:
Հաշվի առնելով նախաձեռնող խմբի մոտ առկա փաստաթղթի բովանդակությունը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին ժամանակներում այս խնդրի վերաբերյալ հնչեցրած պաշտոնական դիրքորոշումը,
Հայտարարում ենք.
Հանդես գալով պետական ինստիտուտների և պետականության շարունակական զարգացման, ազատ և մրցակցային հնարավորությունների հասարակության ձևավորման ու ժողովրդավարական կայունության ապահովման դիրքերից,
Կարևորելով ապօրինի հարստացման, կոռուպցիայի և պետության ու հասարակության դեմ ուղղված մյուս բացասական երևույթների դեմ պայքարի օրինական և արդյունավետ մեխանիզմների ստեղծումը և պատասխանատվության միջոցների կիրառումը, ինչպես նաև արժևորելով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների (այդ թվում նաև գույքի) փոխարկման և փոխանցման դեմ միջազգային մակարդակով ծավալված պայքարը, այնուամենայնիվ, Մեկ Հայաստան կուսակցության հիմնադիր հանձնախումբը հայտնում է իր խորը մտահոգությունը ՀՀ իշխանությութնների կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգի նկատմամբ, քանի որ.
Այն լրջագույն վտանգ է առաջացնում ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի գերակայության սկզբունքի իրացման համար, ինչպես նաև հիմք հանդիսանում արդար դատաքննության իրավունքի և անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման համար, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի մեղավորության կանխավարկածի ինստիտուտի արմատավորմանը ՀՀ-ում,
Նման բովանդակությամբ հայեցակարգը խաթարում է սեփականության սահմանադրական իրավունքի պետական պաշտպանության ապահովման և երաշխավորման հիմքերը,
Հայեցակարգը ռիսկեր է պարունակում ՀՀ իշխանությունների կողմից կապիտալի վերաբաշխման, ՀՀ քաղաքացիների ապօրինի ունեզրկման համար,
Այն խաթարում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության, քրեական հետապնդման մարմինների հեղինակության, դրա նկատմամբ ձևավորված հանրային վստահության հիմքերը,
Հայեցակարգի հիման վրա ընդունված իրավական ակտերը և արդյունքում ձևավորված իրավակիրառ պրակտիկան ՄԻԵԴ իրավաբանության իմաստով համարվելու են կառուցվածքային և/կամ համակարգային խնդիր (systemic or structural problem) և հանգեցնելու են ՄԻԵԴ-ով պաշտպանվող անհատական իրավունքների խախտման արձանագրումների:
Միաժամանակ, սույն ինստիտուտը ՀՀ օրենսդրության մեջ ներդնելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել առնվազն չորս կարևորագույն նախապայման.
ՀՀ վարչապետ Փաշինյանի կողմից մատնանշված միջազգային իրավական փաստաթղթերը բացառապես վերաբերվում են փողերի լվացման, թրաֆիքինգի, միջազգային ահաբեկչությանան, թմրամիջոցների միջազգային շրջանառության և այլ միջազգային բնույթի հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը, և ոչ մի պարագայում չեն կարող տարածվել նշված միջազգային բնույթի հանցագործությունների հետ առնչություն չունեցող այլ հիպոթեզի վրա հիմնված իրավախախտումների հետ:
Ստացված գույքը հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը պետք է հաստատված լինի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով կամ քրեաիրավական հետևանք և գործընթաց չպարունակող քաղաքացիաիրավական վեճի շրջանակներում ապացուցման հստակ շեմ հաղթահարած ապացույցների ներկայացմամբ դատարանի կողմից ընդունված և օրինական ուժի մեջ մտած վճռով:
Պետք է առկա լինի այդ գույքի սեփականատեր հանդիսացող անձի, կամ վերջինիս հետ փոխկախակցված անձի կամ անձանց նկատմամբ դատարանիօրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ:
Պետք է ապահովել այս գործընթացում իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի ամբողջական իրագործումը և գիտակցել, որ հանրային իշխանությունը միշտ սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Հիմնվելով վերոհիշյալ մոտեցումների վրա՝ հայտնում ենք, որ ««Մեկ Հայաստան» կուսակցության հանձնախումբը հետևողական է լինելու ՀՀ կառավարության գործողությունների իրավաչափությանը, համաչափությանը և օրինականությանը վերահսկելու հետևելու գործում` առաջնորդվելով ՀՀ-ում մարդու և քաղաքացու բնական և անօտարելի իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության հրամայականով:
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին գործել ազատականության և առավելագույնս հրապարակային ընթացակարգերով, ձեռնպահ մնալ գաղտնիության քողի ներքո մեր քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի գերակայությունը, արդար դատաքննության, անմեղության կանխավարկածը և սեփականության իրավունքն էականորեն սահմանափակող իրավական ակտերի մշակումից»,- նշվում է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը