13 03 2019

ԵԱՀԿ դիրքորոշումը Արցախի՝ բանակցային գործընթացին մասնակցության մասին



Հայաստանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո կողմերը հանդես եկան մամուլի ասուլիսով։

«ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ կրկնեցի, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը ՀՀ-ի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ: Կրկնեցի նաև այն մոտեցումը, որը վերաբերում է ԼՂՀ-ի որոշիչ ձայնին և ներգրավվածության ապահովմանը: ԼՂՀ հիմնախնդրի առանցքում ընկած են Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունները,  մարդու իրավունքները, սեփական հայրենիքում իր ճակատագիրն ազատ տնօրինելու  անօտարելի իրավունքը: Սա վերաբերում է Արցախի 150.000 բնակչության ֆիզիկական և կենսական անվտանգությանը, կյանքի իրավունքին: Բազմիցս կրկնել ենք, որ հիմնախնդրի կարգավորման խաղաղ և արդյունավետ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեում, իսկ ավելի վաղ` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Այս դրույթները շարունակում են մնալ առարկայական: Եվ այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների անցկացումը, առանց համապատասխան ծանուցման և ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների պահանջների ոտնահարմամբ, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության և վստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահն ասաց․ «Մենք միշտ թերագնահատել ենք հանդիպումները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, ինչպես նաև արտգործնախարարների մակարդակով: Իհարկե, չնայած հրադադարի խախտման դեպքերի նվազմանը, հասկանում ենք, որ հակամարտությունը լուծված չէ, բայց վստահ ենք, որ փուլային մոտեցումը և զարգացող մոտեցումը կբերի չնչին բարեփոխումներ մարդկանց կյանքում: Սա հնարավոր է ապահովել: Մենք հանձն ենք առել ամբողջովին բանակցված, խաղաղ և հարատև լուծում գտնելու գործընթաց, նաև ամրապնդվելու է հրադադարը»։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, Միրոսլավ Լայչակն ասաց․ «ՀՀ կառավարությունը պետք է որոշի ձևաչափերը, բայց բանակցային ձևաչափում որևէ հնարավոր փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը ճիշտ բանաձևն ունի բանակցային շարունակության վերաբերյալ` գոյություն ունեցող ձևաչափում»։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ