13 03 2019

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցեր են առաջանում․ Известия

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցեր են առաջանում․ Известия

Ռուսական Известия թերթն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի զարգացումներին՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայության կողմից առաջադրված մեղադրանքի հստակեցման վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը՝ ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշումը բողոքարկվել է դատարան:

«Փետրվարի կեսին հայտնի դարձավ՝ իրավապահ մարմինները փողերի լվացման և հարկերից խուսափելու մեղադրանք են առաջադրել երկրորդ նախագահի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Վերջինս հերքել է իր մեղքը և իր դեմ քրեական գործի հարուցումը քաղաքականացված անվանել։ Նույն դիրքորոշումն ունի նաև նրա հայրը։ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, այս ամենը նույն շղթայից է․ ներկա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ փորձում է մաքրել անհարմար հակառակորդներին»,- գրում է թերթը։

Ռուսական թերթը վկայակոչում է կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահի հարցազրույցը «168 Ժամ» թերթին, որում նա նշել է, որ իրեն առաջադրված «սահմանադրական կարգը տապալելու» 76 հատորանոց մեղադրանքի 90%-ը ոչ մի կապ չունի Հայաստանի Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի հետ։ Բացի այդ, այդ հոդվածը 2009 թվականին ընդունել է Ազգային ժողովը, իսկ իր դեմ մեղադրանք է առաջադրվել 10 տարի անց։ Խոսքը 2008 թվականի մարտի իրադարձությունների մասին է, երբ Ռոբերտ Քոչարյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ընդդիմադիր հանրահավաքը ցրելու հրաման տվեց։ Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանն ընտրություններում պարտվել էր Սերժ Սարգսյանին։ Ցույցերի մասնակիցները, որոնց կազմակերպիչներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, փորձում էին վիճարկել քվեարկության արդյունքները։ Ծագած անկարգությունների ֆոնին երկրում իրավիճակը կայունացնելու համար Քոչարյանն օգտվեց սահմանադրական իրավունքից և արտակարգ դրություն մտցրեց։  Այն ժամանակ ոստիկանների հետ բախումների հետևանքով մահացավ 10 մարդ, շուրջ 250-ը վիրավորվեց։

Պատասխանելով թերթի հարցերին՝ Ռոբերտ Քոչարյանն ուղակիորեն չի մեղադրել Նիկոլ Փաշինյանին իր հակառակորդներին չեզոքացնելու փորձում, սակայն ուշադրություն է դարձրել այն բանին, որ Հայաստանի ներկայիս վարչապետն իր «աշխարհայացքով, աշխատանքի մեթոդներով և ցինիկության աստիճանով», ինչպես նաև նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդհանուր գծեր ունեն այն քաղաքականության հետ, որը վարում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում շահերն էլ պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներին, ինչի համար մեկ տարի անցկացրեց բանտում։

Թերթը նշում է, որ պաշտպանության նախկին նախարար, Քոչարյանի հետ նույն գործով անցնող Միքայել Հարությունյանի փաստաբաններն ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ քաղաքացին չի կարող մեղավոր ճանաչվել մի հանցագործության մեջ, եթե տվյալ պահին գործող օրենքով այդ արարքը հանցավոր չի համարվել։ Այսպիսով, «Ուժի կիրառմամբ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու», նախագահի, խորհրդարանի, Սահմանադրական դատարանի կամ կառավարության լիազորությունները Սահմանադրությամբ չնախատեսված ձևով ստանձնելու մեղադրանքի հետ կապված հարցեր են առաջանում, քանի որ այդ հոդվածն ընդունվել է միայն 2009 թվականին։

ՀՀ երկրորդ նախագահի գործին անդրադարձել է նաև Комсомольская правда-ն։

Թերթը գրում է․ «Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետապնդումը երկրի նոր իշխանությունների կողմից» գնալով ավելի շատ հարցեր է առաջացնում ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլև արդեն Եվրամիությունում։ Հիշեցնենք, որ նախկին նախագահին մեղադրում են «սահմանադրական կարգը տապալելու մեջ»՝ կապված 2008 թվականին Երևանում իր կողմից հայտարարված արտակարգ դրության հետ։ Այն ժամանակ Հայաստանը քաղաքացիական պատերազմի եզրին էր կանգնած, որը Քոչարյանին հաջողվեց կանխել։ Սակայն այժմ այդ հարցում նրան մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը։

Վերջերս՝ փետրվարին, մարդու իրավուքների հարցով Եվրոպայի խորհրդի կոմիսար Դունյա Միյատովիչը Քոչարյանի գործով հատուկ զեկույցում նշեց անաչառ հետաքննության կարևորությունը՝ հետևելով մարդու իրավունքներին, անմեղության կանխավարկածին և թափանցիկության երաշխիքներին։ Ի դեպ, նույնիսկ առաջին փորձից գործը թվարկվածներից ոչ մեկի հետ առնչություն չունի։

Պարզվում է՝ այժմ Հայաստանում օրենքը կարող է հետադարձ ուժ ունենալ, քանի որ Քոչարյանին 2008 թվականների համար մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուժի մեջ է մտել միայն 2009-ին։ Ավելին, ըստ օրենքի՝ մեղադրանքը չէր կարող առաջադրվել, քանի որ դա Սահմանադրության՝ պետության ղեկավարի անձեռնմխելիության հոդվածի խախտում է։ Ավելին, մեղադրանք առաջադրելով՝ դատախազությունը Քոչարյանին կողմից իրեն մեղսագրվող հանցագործության ոչ մի կոնկրետ ապացույց այդպես էլ չի ներկայացրել։

Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածին և անկախ դատական քննությանը և դատարանին, ապա կասկած չկա ճնշման հարցում, որին նրանք ենթարկվում են։ 2018 թվականին Փաշինյանը հրապարակավ քննադատեց Վճռաբեկ դատարանի որոշումը, որը գրավի դիմաց ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ «Դատական համակարգը, որն ազատում է Քոչարյանին, աշխատում է մեր դեմ»։ Իսկ ինչպե՞ս գնահատել Հայաստանի ողջ դատական համակարգին ուղղված այս հրապարակային սպառնալիքը։ «Կա՞ արդյոք Հայաստանում դատավոր, որը կարող է «ոչ» ասել նրան, ինչ ես եմ ասում։ Ո՞վ է այդ դատավորը, ես ցանկանում եմ տեսնել նրան»։ Դատավորներն ամեն ինչ հասկացան և այժմ հարցում են ուղարկում, թե ինչ անեն։

Քոչարյանի հետապնդումը գնալով ավելի է հիշեցնում ոչ թե արդարադատություն, այլ քաղաքական գործընթաց և Փաշինյանի կողմից անձնական վրեժ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ