28 02 2019

Ի՞նչ և ինչո՞ւ է թաքցնում Աննա Հակոբյանի հիմնադրամը․Politik.am

Ի՞նչ և ինչո՞ւ է թաքցնում Աննա Հակոբյանի հիմնադրամը․Politik.am

Politik.am-ը գրում է․ «Օրերս մեծ աղմուկ բարձրացավ, երբ հրապարակվեց վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուների ցանկը և փոխանցված գումարների չափը։Հիմնադրամի փոխանցումների շուրջ աղմուկից հետո Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձ կատարեց հրապարակմանը և հեգնանքով դիմեց լրագրողներին․«Հատուկ լրագրողների համար`

«Իմ քայլը» հիմնադրամի կայքը պատրաստ լինելուց հետո այնտեղ կզետեղվի նաեւ այս հիմնադրամի նվիրատուների ցանկը: Յուրաքանչյուրը կշահի, եթե առաջինը հայտնաբերի այդ «գանձը»: Չարժե մեր լրահոսի թոփ թեմային հավակնող «մատերիալը» թողնել անհատ քաղաքացիների կամ պատահականությունների հույսին»։

Աննա Հակոբյանի գրառումից հետո իրականում անպատասխան հարցերը ավելացան։ Ինչպե՞ս է Աննա Հակոբյանը խոսում նվիրատուների ցանկի հրապարակման մասին, երբ իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը Politik.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, որ չեն կարող մեզ նվիրատուների ցանկ տրամադրել, քանի որ կխախտեն «Բանկային գաղտնիքի մասին»  ՀՀ օրենքը․««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի Հոդված 4-ի համաձայն՝ հօգուտ բանկի հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք և նույն օրենքի հոդված 5-ի համաձայն ենթակա չեն հրապարակման: Ավելին, Անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանափակում է ֆիզիկական անձին վերաբերող տեղեկության հրապարակումը, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը առանց տվյալների սուբյեկտի համաձայնության»,-նշվում էր պատասխանում՝ ավելացնելով, որ միայն նվիրատուների համաձայնության դեպքում կարող են այն հրապարակել։

Ինչու՞ էին պատրաստվում թաքցնել տեղեկատվությունը

Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի՝ մեզ  տրված պատասխանը հակասում է  Հիմնադրամների մասին ՀՀ օրենքին, որը պահանջում է թափանցիկ գործունեություն, և այդ թվում հանրությանը ու պետական մարմինների համար հասանելի դարձնել տեղեկատվությունը ֆինանսական հոսքերի մասին։

Անհասկանալի է նաև, թե ինչպես է Աննա Հակոբյանի մյուս հիմնադրամը՝ «Ժպիտների քաղաք»-ը հրապարակել նվիրատուների ամբողջական ցանկը, եթե «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը արգելում է դա անել։ Այստեղից կարելի՞ է ենթադրել, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամը խախտել է վերնշված օրենքը։

Ի՞նչ կասկածներ կան Աննա Հակոբյանի հիմնադրամի ֆինանսական հոսքերի մասով

Նախ, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուների ցանկը շոկային էր հանրության համար։ Նվիրատուների ցանկում կային շատ գործարարներ և ձեռնարկություններ, որոնք խնդիրներ ունեն իրավապահ մարմինների հետ և տպավորություն էր, որ այս կերպ նրանք փորձել են ստանալ նոր իշխանությունների բարեհաճությունը։ Մամուլում հայտնվեցին նաև տեղեկություններ, որ պետական պաշտոնյաները իրենց ստացած պարգևավճարների մեծ մասը փոխանցել են «Իմ քայլը» հիմնադրամին։

Պաշտոնյաների նվիրատվությունների կասկածը

Այս վարկածը հատկապես քննարկելի դարձավ մամուլում, երբ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարեց, որ իր ստացած պարգևավճարը փոխանցել է Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին։ Խոսքը Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի մասին է։ Նա նախորդ տարվա ավարտին ինքն իրեն պարգևատրել էր 500 հազար դրամով և այն ամբողջությամբ նվիրել «Իմ քայլը» հիմնադրամին։

Հենց այս կասկածները հերքելու կամ հաստատելու նպատակով էինք գրավոր հարցում ուղարկել «Իմ քայլը» հիմնադրամին։ Հիմնադրամում, ինչպես տեսանք, փորձել են տեղեկատվությունը թաքցնել՝ հենվելով «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։ Բայց այս դեպքում կասկածներն առավել են խորանում։ Հարցեր են առաջանում, թե ինչու՞ էին փորձում թաքցնել նվիրատուների անունները և ինչու՞ են հիմա որոշել հրապարակել այն։

Եվ անգամ հրապարկվելուց հետո մենք չենք կարող վստահ լինել, որ նվիրատուների ցանկում չկան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք իրենց պարգևավճարները փոխանցել են «Իմ քայլը» հիմնադրամին, քանի որ ի սկզբանե հիմնադրամը հայտարարել է, որ չի հրապարակի այն նվիրատուների անունները, ովքեր դեմ են իրենց տվյալների հրապարակմանը։ Իսկ այն, որ պաշտոնյաները աղմուկից խուսափելու համար կհրաժարվեն հրապարակել իրենց անունները, կասկածից վեր է։

Հ․Գ․ Ի դեպ, հետաքրքիր է, որ Ինեսսա Գաբայանը պաշտոնանկ արվեց այն բանից հետո, երբ հրապարակային հայտնի դարձավ, որ նա իր պարգևավճարը փոխանցել է Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ