11 02 2019

Արցախի ԱԽ քարտուղարը պատրաստվում է նախագահական ընտրապայքարի

Արցախի ԱԽ քարտուղարը պատրաստվում է նախագահական ընտրապայքարի

Artsakhpress.am-ը գրում է. «Առաջիկա օրերին քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեմ 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նպատակով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսօր հայտարարել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

«Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը: Ես արդեն հայտարարել եմ, որ առաջադրվելու դեպքում պետք է ունենամ ժողովրդի լայն հավանությունը, ուստի տրամաբանական եմ համարում նախևառաջ հանրային այսօրինակ քննարկումների ծավալումը»,- ասել է Վ. Բալասանյանը:

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ մասնակցելով 2012թ.-ին նախագահական, ապա և 2015թ.-ին խորհրդարանական ընտրություններին՝ ինքը ներկայացրել է երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասը այսօր էլ կենսական ու հրատապ են:

«Հանրային քննարկումների ընթացքում կներկայացնեմ ինչպես այդ, այնպես էլ նոր ծրագրեր ու գաղափարներ: Ժողովրդի կողմից կլինի՞ լայն հավանություն և աջակցություն, ուրեմն անկասկած կառաջադրվեմ ու կպայքարեմ նախագահական մրցապայքարին»,- իր խոսքը եզրափակել է Վ. Բալասանյանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ