2008-2016թթ․ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հանրային հեռուստատեսության «Լուրերի» տաղավարում հայտնել է․ «0038 հրամանի վերնագիրն է․ «Սահմանադրական կարգի պահպանման համար հրամայում եմ», 0038 հրամանի մասին խոսելիս մենք պետք է փորձենք բացառել դրա կապը սահմանադրական կարգի տապալման հետ»։
«Քանի դեռ դատարանը իր վերջնական որոշումը չի հրապարակել, երբևէ այդ կապի առումով պնդումներ չենք կարող անել։ Անցնենք հրամանի կազմման հիմքերին։ Գիտեք հայտնի խորհրդակցությունը, որտեղ ՀՀ նախագահը դիտողություն արեց զինված ուժերի ղեկավարությանը, որ զինված ուժերի մի շարք բարձրաստիճան զինվորական ընդգրկված են այդ ցույցերին, միտինգներին, կապ են պահում, փորձում են նաև երկրապահներին ընդգրկել (զինված ուժեր ղեկավարությունից կային մարդիկ, որ ընդգրկված էին երկրապահի շարքերում)։ ՀՀ նախագահը ցուցում տվեց՝ կա՛մ դուք երկրապահ եք, կա՛մ զինվորական․ ինքներդ որոշեք։ Սա մեկ սպառնալիք»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Երկրորդ սպառնալիքն, Սեյրան Օհանյանի խոսքով, այն էր, որ ազգային անվտանգության ծառայությունից, ներքին գործերի նախարարությունից իրենք ինֆորմացիա են ստացել, թե այդ օրերին սպասվում էին հարձակումներ, «այս կամ այն խմբերի կողմից, նպատակը, իհարկե, զենք հայթայթելն էր»։ Օհանյանի խոսքով՝ ինքը նաև այդ օրերին գլխավոր շտաբն է ամրացրել։ «Իհարկե, վատ կլիներ, չէ՞, որ գլխավոր շտաբի պետը նստած, հանկարծ գային ու գլխավոր շտաբը գրավեին»,- ասաց նա։
Անդրադառնալով այլ դրույթների՝ Սեյրան Օհանյանը կրկնեց․ «0038 հրամանի մեջ հանցագործություն չկա։ Պաշտպանության նախարարն իր լիազորությունները չի չարաշահել։ Նա իրավունք ունի տեղաշարժ կատարել մարտական պատրաստականության տարբեր աստիճանի բերման ծրագրերի հիման վրա ավելի մեծ ստորաբաժանումներ, ավելի մեծ կառույցներ․ և զորանոցային պայմանների հայտարարելը հենց առաջին հերթին նրա համար էր, որ մենք կարողանայինք զերծ պահել զինված ուժերին քաղաքականությանը խառնվելուց»։
Օհանյանի խոսքով՝ Հրամանը կազմելու համար հիմք է հանդիսանում ՀՀ սահմանադրությունը։ Անդրադառնալով հարցին, թե ո՛ր կետի վրա է հիմնվում այդ հրամանը՝ Օհանյանը նշեց, որ դա կազմված է ժողովրդի անվտանգության պահպանման խնդրի հիման վրա։ «Մեր ժողովուրդը չգիտի՝ ինչ-ինչ խնդիրներ կային, որ նրանց պետք էր պաշտպանել․ այդ խնդրի համար է տրվել հրամանը»։
Իր դիտարկմամբ՝ ինքն ամեն ինչ արել է՝ ինչպես պետք էր։ «Հանրապետության նախագահը արտակարգ դրություն է հայտարարել։ Արտակարգ դրության պահանջներն այսպիսին են։ Խնդրում եմ՝ լինել հանդուրժող, հասկանալ պետության կողմից խնդիրները։ Եվ զինված ուժերի կողմից կատարվող խնդիրների խախտման շրջանակներում միջոցներ կձեռնարկվեն․ այդտեղ ոչ մի սպառնալիք չկա»,- նշեց նա։
Անդրադառնաալով հարցին, թե ո՛ր օրենքով է իրենց լիազորված ցրել թեկուզ փոքր խմբերի կողմից հավաքները, երբ չկա պատերազմ կամ պատերազմի սպառնալիք՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ զինված ուժերն այն ժամանակ խնդիրն իրականացրել են որոշակի փաստաթղթերի շրջանակներում․ արտակարգ դրության ռեժիմի հրամանագրի, Սահմանադրության (Սահմանադրությամբ զինված ուժերը ապահովում են պաշտպանությունն ու անվտանգությունը՝ ՀՀ կարևոր օբյեկտների անվտանգությունը)։
Սեյրան Օհանյանը նշեց, որ իր համար անակնկալ չէր Մարտի 1-ի դատավարության գործում ներգրավվելը։ «Լսելով այդ իրականության վերլուծությունը՝ ես զգացել եմ, որ ես էլ կարող եմ ներգրավվել։ Բոլոր իշխանությունների ժամանակ ես համապատասխան ծառայություն եմ իրականացրել՝ զինվորական լինելով։ Բայց սա, քանի որ քաղաքական իրադարձությունների հետևանք է, և ընդգրկված են քաղաքական լուրջ ֆիգուրներ, կարծում եմ, որ քաղաքական էլեմենտ, այնուամենայնիվ, ունի։ Յուրաքանչյուր անձ, որ որ նախկինում քաղաքականության մեջ է եղել, մանավանդ նրանք, որ ռազմաքաղաքական գործունեություն են իրականացրել, միշտ էլ քաղաքականության մեջ կան»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը