28 01 2019

Առանց ԼՂՀ-ի մենք չենք կարող բոլոր պարտավորությունները ստանձնել․ ԱԳՆ

Առանց ԼՂՀ-ի մենք չենք կարող բոլոր պարտավորությունները ստանձնել․ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Արցախին բանակցային կողմ դարձնելու խնդրին։

Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի արտգործանախարարի հետ քննարկվում է նաև Արցախը բանակցային կողմ դարձնելու հարցը:

«Այս բոլորը հարցերը, բնական է, որ քննարկման առարկա են, մյուս կողմն էլ ունի իր դիրքորոշումը. 20 տարի ձևավորված է եղել մեկ ձևաչափ, որ բանակցությունները տեղի են ունեցել հայտնի ձևավորված շրջանակի մեջ, և այն, ինչ վարչապետն ասում է, մեզ համար կարևոր է պրակտիկ առումով, որ Ղարաբաղը պետք է հանդես գա հարցի քննարկմանը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և ընտրված է ՀՀ ժողովրդի կողմից, իսկ  ԼՂ իշխանություններն ընտրված են Արցախի Հանրապետության կողմից: «Մենք, վստահաբար, չենք կարող բոլոր պարտավորությունները վերցնել՝ առանց Լեռնային Ղարաբաղի, չենք կարող, սա պրակտիկ խնդիր է և բանակցության արդյունավետության համար է: Մենք ասեցինք և բոլորն ասացին՝ այո, բայց դեռևս չէ, իսկ բանակցություններից հարցը դուրս եկա՞վ՝ ոչ»,-ասաց նա՝ շեշտելով, որ Արցախի՝ որոշիչ ձայն ու ներկայացվածություն ունենալու հարցը հետևողական աշխատանք է նաև կիրառական առումով: «Եթե ամեն բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ անցանք այդ հարցը»,-ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանը նաև շեշտեց․ «Մենք պարտվողական չենք եղել և չենք լինելու երբեք։ Մեզ համար առաջնային խնդիրը ստատուսն է և անվտանգությունը։ Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»։

Անդրադառնալով հասարակությունում տիրող տրամադրության մասին հարցին՝ ԱԳՆ-ն նշեց․ «Ես շատ վստահ եմ մեր հասարակության համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ